‘Արամ Մանուկյանը կասկած ունի, որ «Դիլիջանի միջազգային դպրոցի» միջոցով փողեր են լվանում’

1287

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություն տալու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ, կասկածներ հայտնեց, թե դա փողերի լվացման փորձ է:

«Ոչ մեկը դեմ չէ ներդրումներին: Ո՞վ է ասում՝ դեմ ենք, շատ ուրախ ենք ներդրումների համար: Ես չեմ վստահում «Ամերիաբանկին», կարող է՝ մտածում եմ, որ սա փողերի լվացման միջոց է: Լրիվ հիմք ունեմ մտածելու, փորձեք փարատել»,- նշեց նա: Արամ Մանուկյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱԺ ներկայացված չեն նաեւ կրթական ծրագրի չափանիշները, եւ ըստ էության՝ պատգամավորները չգիտեն` ում եւ ինչու են տալու արտոնություն. «Ո՞վ է ձեզնից ուրիշ բան ուզում, ասում ենք՝ բերեք ծրագիրը: Խելոք մարդկանց անուններ տվեցիք, էդ մարդիկ բիզնես պրոյեկտ չունե՞ն կրթական, չեն կարող չունենալ: Թող կրթական պրոյեկտը բերեն այստեղ՝ հաստատենք եւ հավանություն տանք»:

Մանուկյանը նաեւ նշեց, թե այս իշխանությունների օրոք արդեն երկու միջազգային քոլեջ է փակվել: «2 հատ միջազգային քոլեջ ձեր իշխանության ժամանակ փակվեց: Ո՞վ է Մուրադ Ռաֆայելյանի, Մելքոնյանի համար պայքարել, որ չփակվեն: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ փակվեց: Որեւէ մեկդ հիմա չեք համոզի, որ ձեզ համար կարեւորը կրթությունն է: Սեպտեմբերին բարձրացնում եք ուսման վճարները: Գազի գինն ավելանում է, գնաճը մեծանում է, սոցիալական լարվածությունն ավելանում»,- նշեց նա:

Նախորդ հոդվածը‘Մոնսերատ Կաբալյեի այցը Ծիծեռնակաբերդ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Երևան-Բաքու չվերթի մանրամասները’