‘Արամ Մանուկյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովային ‘

835

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ տիկին Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան ու ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ու Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության խորհրդի անդամ՝ Արամ Մանուկյանը փաստեց եվրաինտեգրման կարեւորությունն ու համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում հետընտրական գործընթացներին: ՀԱԿ խմբակցության քարտուղարը միջազգային կառույցներին եւ հատկապես դիտորդական առաքելություններին կոչ արեց ուշադրության առանցքում պահել ընտրական գործընթացները: 

iLur.am-ի հետ զրույցում Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքը հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրել է նախագահական ընտրությունների ժամանակ իրականացված խախտումները, դրանց վերլուծությունը՝ ըստ տեսակի եւ աշխարագրության, ներկայացրել է նաեւ տեղեկանք՝ ՀԱԿ խբակցության կողմից ընտրական վերափոխումների հայտնի նախագծի մասին՝ առանձին շեշտելով ցուցակների ուռճացված լինելն ու դրանք մաքրելու, ինչպես նաեւ հաջորդ օրը քվեարկած անձանց ցուցակները հրապարակելու անհրաժեշտությունը:

Արամ Մանուկյանը նաեւ տեղեկացրել է վերոհիշյալ նախագծի քննարկման՝ ՀՀԿ-ի կողմից տապալումից հետո ՍԴ ներկայացված դիմումի մասին,  եւ Մանուկյանի փոխանցմամբ, հյուրերի  զարմանքն ու ծիծաղն է առաջ բերել այն, որ այդ դիմումը քննարկվելու է ապրիլի 16-ին:  

Արամ Մանուկյանը նաեւ չեխ հյուրերին շնորհավորել է այդ երկրի նորընտիր նախագահ Միլոշ Զերմանի երդմնակալության առիթով:

Արամ Մանուկյանը հյուրերին տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը հակված է մասնակցել: Նա նշեց, որ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական այլ ուժերի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

Չեխիայի արտգործնախարարության պաշտոնյան հետաքրքրված էր՝ արդյոք ընդդիմությունը տեսնում է բարեփոխումների եւ ընդհանրապես փոփոխությունների միտում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու դրա ձեւաչափին, հայ-թուրքական հարաբերություններին, այլ հարցերի:

Նախորդ հոդվածը‘Սան Մարինոյի հյուպատոսարանը գտնվում է Միքայել Մինասյանի «Ջազզվեի» գրասենյակում. փեսան նաեւ ծպտյալ դիվանագետ է ‘
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվեց Չեխիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի եւ Դանիայի հետ խաղերի համար’