‘Արամ Մանուկյանը պահանջեց Հանրայինով իրազեկել մարտի 1-ի հանրահավաքը’

1255

«Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մարտի 1-ին հանրահավաք են հայտարարել: Եթե մենք,  ըստ օրենքի՝ ձեզ հայտարարություն տանք, ընդամենը՝ վճարովի հայտարարություն, որ մարտի մեկին հանարհավաք է լինելու՝ կարո՞ղ եք ապահովել օրենքի գոյությունը՝ հանրային հեռուստատեսության հետ կապված»: Այսօր Աժ-ում Հեռուստատեսության եւ ազգային ռադիոյի հանձնաժողովի 2013 թ. գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին այսպիսի հարց ուղղեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Բունիաթյանը, մի փոքր շփոթված, կատակի տալով, պատասխանեց, որ եթե օրենքով դա հստակ է, իրենք պատրաստ են աջակցել, որ հայտարարությունը ներկայացված լինի: «Խնդիր չի կարող լինել», — ասաց նա: 

Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ եվրոպացիների առաջարկով՝ պետական հեռուստատեսությունը վերածվել էր հանրայինի՝ մեկ պայմանով, եւ դա օրենքում արտացոլված է շատ հստակ՝ հանրային հեռուստատեսությունը պարտավոր է հասարակության մեջ առկա բոլոր խնդիրները ներկայացնել անաչառ, հավասար, նույնը վերաբերում է եւ քաղաքական ուժերին: Ըստ այդմ՝ Արամ Մանուկյանը խնդրեց ասել.
«2013-14 թթ. գոնե գեթ մի դեպք կա՞, որ Հայ ազգային կոնգրեսի պատգամավորը եղել է եթերում»:
Գագիկ Բունիաթյանի պատասխանը կրկին այնքան էլ հստակ չէր:
«Ես չեմ կարող հստակ պատասխանել, բայց վստահ եմ, որ նման բան չէր կարող լինել, դուք պետք է եթերում ներկայացված լինեիք՝ ինչ-որ կերպ: Կարող ենք ճշտել, ես ձեզ կպատասխանեմ»:
Արամ Մանուկյանը արձագանքեց, որ ոչ մի հրավեր չի եղել, ոչ միայն իր, այլև ամբողջ խմբակցության համար: Վերջում Արամ Մանուկյանը նկատեց. «Բոլոր դեպքերում, ետ է պետք պտտել՝ սա ոչ թե հանրային հեռուստատեսություն է, այլ ընդամենը Հանրապետականի հեռուստատեսությունն է»:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը 6,5 մլն դրամ է տրամադրել գնդակոծությունից տուժած տների բնակիչներին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանն ԱԺ-ում բարձրացրեց հեռուստատեսությամբ ընդդիմության ներկայացվածության հարցը ‘