‘
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում օրերս տեղի է ունեցել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների (ALDE) կուսակցության տարեկան խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնագահ Արամ Մանուկյանը:
Լյուբլյանա կատարած այցի ընթացքում Մանուկյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱԼԴԵ կուսակցության նախագահ Հանս Վան Բաալենի, Եվրոպական լիբերալ ֆորումի նախագահ Մարտեն Յորգանսի, ԱԼԴԵ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպ Հանսենի, կուսակցության փոխնախագահ, Գերմանիայի կառավարության՝ մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Մարկուս Լյոնինգի եւ այլոց հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում հետընտրական քաղաքական իրավիճակը, ՀԱԿ-ԱԼԴԵ համագործակցության ծրագրեր, ինչպես նաեւ մի շարք կազմակերպական հարցեր: Արամ Մանուկյանը նաեւ ելույթ է ունեցել ԱԼԴԵ խորհրդի նիստում՝ հակիրճ ներկայացնելով ԱԺ ընտրությունները՝ մասնավորապես, նշելով, որ դրանք կեղծվել են: Կոնգրեսի փոխնախագահը նաեւ խորհրդի կողմից ընդունվելիք ամփոփիչ փաստաթղթում փոփոխություն է առաջարկել, որը վերաբերում էր Հայաստանի ընտրություններին: Առաջարկն ընդունվել է:
ԱԼԴԵ կուսակցության կազմում ընդգրկված է 42 երկրի 59 կուսակցություն, նրանցից 39-ը ԵՄ անդեմ երկրների կուսակցություններ են, 20-ը՝ ԵՄ-ից դուրս երկրների կուսակցություններ, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսը: Կոնգրեսը եվրոպական այս հայտնի կառույցին որպես լիիրավ անդամ ընդգրկված է 2010 թվականից եւ մշտապես մասնակցել է ԱԼԴԵ բոլոր միջոցառումներին եւ քաղաքական գործընթացներին: Ի դեպ, Կոնգրեսը հայաստանյան միակ կուսակցությունն է, որը եվրոպական կուսակցական կառույցներին անդամակցում է լիիրավ անդամի կարգավիճակով:
‘