‘
Այսօր Արբակիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արամ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը:
Նիստի սկզբում Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը բացարկ հայտնեց գործով դատախազ Գագիկ Մարգարյանին՝ նշելով, որ վերջինիս կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է այն բանից հետո, երբ քննիչը թերի է կատարել դատախազի ցուցումները: Ավելին՝ մամուլում հրապարակվել էին տեղեկություններ այն մասին, որ Արամ Մանուկյանի դեմ հարձակումը քաղաքական հաշվեհարդար էր, հնչել էին կոնկրետ անուններ, ինչպես նաև տուժող կողմը բազմիցս պնդել է, որ հանցագործությունը եղել է կազմակերպված, և որին մի քանի մարդ է մասնակցել: Խաչատրյանը նշեց, որ այս ուղղությամբ ոչինչ չի իրականացվել, ինչն էլ կասկածի տակ է դնում դատախազի անաչառությունը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակում էր իրականացվել 2014 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 20:25-ին: Շենքի շքամուտքում Մանուկյանի վրա էր հարձակվել մի տղամարդ և բռունցքով հարված հասցրել քաղաքական գործչին:
Նախաքննությամբ պարզվել էր, որ հարվածողը եղել է Ա.Սվազյանը: iLur.am-ի հետաքննությունից հետո էլ պարզ էր դարձել, որ Արշակ Սվազյանը ՀՀԿ-ական պատգամավոր Շմայսի մերձավոր շրջապատից է և նախկինում եղել է վերջինիս վարորդը:
Չնայած նրան, որ Արամ Մանուկյանը դեպքից հետո շուրջ 10 օր հիվանդանոցում բուժում է ստացել, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետևանքով Ա.Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այս ամենն արվել է նրա համար, որ Արշակ Սվազյանը առավելագույն մեղմ պատիժ ստանա՝ ոչ ազատազրկման տեսքով: Հիշեցնենք, որ 117-րդ հոդվածով նախատեսվում է, որ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
12:05
Դատարանը՝ դուրս գալով խորհրդակցական սենյակից մերժեց միջնորդությունը: Դատական նիստը շարունակվում է նույն կազմով:

Մեղադրյալ Արշակ Սվազյանը: ©iLur.am
‘