‘Արամ Մանուկյանի դեմ հարձակման մեջ կասկածվողն ազատ է արձակվել’

1471

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ հարձակման կասկածանքով բերման ենթարկված Արշակ Սվազյանն ազատ է արձակվել: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով, Սվազյանը հարուցված քրեական գործում ներառվել է որպես կասկածյալ եւ ստորագրությամբ ազատ արձակվել:

Հիշեցնենք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը), ինչը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը երեք ամսվա կալանքով:

Դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Դեկտեմբերի 14-ին ոստիկանութան տարածած հաղորդագրության համաձայն, բերման է ենթարկվել հարձակման մեջ կասկածվող, 1973-ին ծնված Արշակ Սվազյանը:

Մեր տեղեկություններով՝ Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա: Սվազյանը նախկինում դատապարտվել է մաքսանենգության համար, ապա համաներմամբ ազատ է արձակվել: 

Նախորդ հոդվածը’10 ուշագրավ փաստ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնայի» ելույթների մասին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան (ուղիղ)’