‘Արամ Մանուկյանի վրա հարձակվողը բերման է ենթարկվել. Մեր տեղեկություններով՝ նա Շմայսի վարորդն է եղել (լրացված)’

8442

Ինչպես արդեն հաղորդել էինք, դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Մեր տեղեկություններով Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա:

15:00

Ըստ մեր հայթայթած առաջին տեղեկությունների, Սվազյանը եղել է  Շմայսի մեքենաներից մեկի վարորդը, սակայն պաշտոնապես ձեւակերպված չի եղել որպես վարորդ։ 

Նշենք, որ ժամանակին Սվազյանի վրա քրեական գործ է հարուցված եղել, որը կապված էր թանկարժեք քարերի մաքսանենգության հետ: Ամենայն հավանականությամբ, որպես Արամ Մանուկյանի վրա հարձակման  փոխատուցում` նրան խոստացել են կոծկել նշված քրեական գործը:

Հարկ է նաև նշել, որ news.am-ի հետ զրույցում Շմայսը, ըստ էության, հաստատել է մեր ունեցած տեղեկությունները, որ Արամ Մանուկյանի հարձակման անմիջապես հետևում կանգնած է հենց ինքը՝ Շմայսը: Վերջինս մասնավորապես հայտարարել է. «Ով իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել: Ոչ մի բան էլ չկա սրա հետեւում: Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա»:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» խճճված կծիկի ծայրը կառավարության շենքում է’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» այս անգամ էլ պարտվեց (տեսանյութ)’