‘
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ընթերցեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների զեկուցող Ֆաբիան Սալբիոլիի՝ ՀՀ կառավարությանն ուղղված երկու հարցերը, որոնք վերաբերում են Մարտի 1-ին:
«Ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառվել 2008-ի մարտի մեկի անհամաչափ ուժի կիրառման պատասխանատուների համար, եւ ինչպիսի միջոցներ են կիրառվել՝ երաշխավորելու համար, որ 2008-ի մարտի 1-ի տուժածները համարժեք փոխհատուցում ստանան», — ՄԱԿ-ի զեկուցողի հարցը փոխանցեց Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ Կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ նախորդ հարցումներին Կառավարությունը չի պատասխանել: Պատգամավորը հարց ուղղեց՝ արդյո՞ք կառավարությունը պատասխանել է այս նամակին:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ի պատասխան նշեց, որ չի տիրապետում տեղեկատվությանը, բայց վստահեցրեց, որ ցանկացած պատասխան կտրամադրվի պատգամավորներին:
‘