‘Արամ Մանուկյան. Այն բանի համար, որ Լուկաշենկոն դասեր է տալիս Հայաստանին, մեղավոր է բացառապես Սերժ Սարգսյանը’

1866

Այն բանի համար, որ Ալեքսանդր Լուկաշենկոն դասեր է տալիս Հայաստանին, մեղավոր է բացառապես Սերժ Սարգսյանը: ԱրմԻնֆո գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հոկտեմբերի 24-ին Մինսկում բացելով Եվրասիայի բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե Մաքսային միություն Հայաստանին ընդունել կարելի է միայն Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ինտեգրման երկար ճանապարհն անցնելուց հետո: Տեղեկատվություն է  տարածվել նաև այն մասին, թե Լուկաշենկոն ՄՄ երկրներին հորդորել է «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը»:

«Լուկաշենկոյի Մինսկի հայտարարությունները, անշուշտ, վկայում են նրա բարդույթների մասին: Այդպիսի մարդու համար իրենից թույլ մարդու` Սերժ Սարգսյանի հայտնվելը դառնում է իրական երջանկություն: Լուկաշենկոն տեսել է Հայաստանն ու նրա նախագահին, որոնց  վրա ինքը կարող է մատ թափ տալ և, նույնիսկ, ժողովրդավարության դասեր տալ: Դա մեզ բոլորիս համար իրոք նվաստացուցիչ է: Եվ եթե ես ինչ-որ չափով սխալվում եմ, ապա Սերժ Սարգսյանն, առնվազն, պետք է Լուկաշենկոյին ցույց տար իր տեղը: Ինչու՞ է նա լռում: Միգուցե, նա խոցելի տեղե՞ր ունի: Ինձ թվում է, որ ունի, համենայն դեպս, այդ է վկայում նրա լռությունը», — հայտարարել է ընդդիմադիր գործիչը:

Մանուկյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը խոցելի է ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Պատճառը` նրա անձի նկատմամբ վստահության լիակատար բացակայությունն է: Սարգսյանը, ընդդիմադիր գործչի ասելով, հուսալի գործընկեր չէ, և դա բոլորը գիտեն: Իսկ վերջին տարիներին Սարգսյանի՝ մեկը մյուսին բացառող դեգերումները արտաքին քաղաքականության ասպարեզում դրա լավագույն հաստատումն են:

«Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ Սարգսյանը լեգիտիմ չէ, իսկ նրա հետաքրքրությունների շրջանակը շատ հեռու է իրական քաղաքականությունից, մենք պետք է մեղավորներ փնտրենք միայն Հայաստանի իշխանության շրջանում: Եվ Լուկաշենկոն նման հայտարարություններ է անում, որովհետև շատ լավ գիտի, որ Սարգսյանը չի կարող իրեն պատասխանել», — ամփոփել է Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը Լեֆորի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա’
Հաջորդ հոդվածը‘4 տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել են կրթության ոլորտի ծախսերը ՀՆԱ կտրվածքով’