‘Արամ Մանուկյան. Անկախությունը հեռու հորիզոնում երևացող մի արժեք էր, որը կարողացանք ռեալիզացնել’

1267

1990 թվականին բազմաթիվ քննարկումներից հետո բոլորս եկանք մի հայտարարի, որ Անկախության հռչակագրի տեքստի այս տարբերակի ընդունումը ամենահարմարն էր, որում ներգրավված էին բոլոր քաղաքական ուժերը. օգոստոսի 23-ին հռչակագիրը ընդունվեց միաձայն: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:

«Հռչակագրում առկա է 12 կետ, որոնցից յուրաքանչյուրը ունի մի քանի դրույթներ, մի քանի խնդիրներ, որոնք մենք 1990 թվականին ներառեցինք այդ փաստաթղթի մեջ: Այն ընդգրկում էր դրույթներ, որոնք ձեւավորվել էին հայ ժողովրդի 100-ամյա պայքարի, ինչպես նաեւ մեր քաղաքական ուժերի եւ ղարաբաղյան շարժման ժամանակ ձեւավորված իղձերի հիման վրա: Այսինքն՝ սա մի փաստաթուղթ էր, որի հիմքում ընկած էին քաղաքական ուժերի, ազատամարտիկների եւ ժողովրդի ցանկությունները: Այդ առումով հռչակագիրը շատ բարձր արժեք ուներ. այն ընտրվել էր առաջին անգամ ազատ ընտրությունների ժամանակ:

1990 թվականը մեր պառլամենտարիզմի սկիզբն էր, երբ ժողովուրդը ընտրեց իր պատգամավորներին, ովքեր էլ ընդունեցին հայ ժողովրդի իղձերի առաջին փաստաթուղթը: Հռչակագրի ուժը կայանում էր նաեւ նրանում, որ այն իրատեսական էր, չնայած որ ստեղծվել  էր 90-ականների հաղթանակի ալիքի վրա, այն ռեալիստական, աշխատող եւ  ծրագրային էր: Մեզ համար անկախությունը միշտ եղել է հեռու հորիզոնում երեւացող մի արժեք եւ մենք կարողացանք այդ հորիզոնը մոտեցնել եւ ռեալիզացնել: Այդ առումով փաստաթղթի կարեւորությունը դժվար է գերագնահատել. սա իրական, հզոր , հեքիաթային, անմրցելի, անմեկնելի, աստվածային մի փաստաթուղթ է: Այդ օրերին մարդիկ լեցուն էին ոգեւորությամբ, պայքարի ոգով եւ հենց այդ ոգու հիման վրա ենք մենք հաղթել ղարաբաղյան ազատագրական շարժումը՝ ստեղծվելով պետությունը եւ պետականությունը: Հենց սա է դրա արժեքը, կարեւորությունը եւ ուժը:

Անկախության հռչակագրի հիմքը 1988 թվականի Ղարաբաղի շարժումն էր, որի հարցը որպես այդպիսին դեռեւս լուծված չէր: Հռչակագրի կետերից մեկը հենց 1989 թվականի Ղարաբաղի ժողովրդի որոշումն էր՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին: Այսինքն՝ղարաբաղյան ազատագրական շարժումը բերեց նաև հռչակագրի տեքստի, եւ անկախական շարժման ստեղծմանը: Իսկ  եթե մեծ առումով վերցնենք, Հայաստանում ավելի վաղ նույնպես եղել են անկախության շարժումներ, սակայն 1990 թվականին  այն դարձավ իրական գործ, իրական փաստաթուղթ, որը իրավական ուժ ստացավ հենց հռչակագրի միջոցով՝ դառնալով ծրագրային մի փաստաթուղթ: Ի վերջո՝ մեկ տարի հետո իրականացվեց այդ փաստաթուղթի կետերից մեկը՝ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվեն:

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ: Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում և հարգում  են անկախության արժեքը և պայքարում են անկախության համար: Անկախությունը շատ երկար, հավերժ գործընթաց է և մենք այժմ էլ գտնվում ենք այդ գործընթացում: Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են անկախությունը և պայքարում են անկախության համար»:

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյան. Եթե ուզենայինք մեկին վնասել, ոչ թե զրահաբաճկոն, այլ պիստալետ կտանեինք’