‘Արամ Մանուկյան. Ատոմակայանը ռազմավարական լրջագույն գործիք է, այն պետք է պահպանել (Տեսանյութ)’

1322

‘

Ազգային ժողովում Ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար վարկ տրամադրելու մասին հայ-ռուսական համաձայնագրի վավերացման քննարկումների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի անունից խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ խմբակցությունը կողմ է նախագծին, քանի որ ատոմակայանի առկայությունը լուրջ ռազմավարական գործիք է Հայաստանի համար: Միեւնույն ժամանակ, Մանուկյանը մի շարք հարցեր բարձրացրեց, որոնք վերաբերում են Հայաստանի էներգետիկ ոլորտին: Մասնավորապես, նա խոսեց սահմանին գազի գնի նվազման հետեւանքով սակագնի նվազման անհրաժեշտության մասին:  

«Այն 25 դոլարը, որ էժանանում է սահմանի վրա, այդ դեպքում մարժան քաղաքացուն հասնելու ժամանակ տարբերությունը կազմելու է 205 դոլար: Սա աննախադեպ է, որ 165 դոլարով գազ ես ստանում սահմանին եւ բնակչությանը վաճառում ես 395 դոլարով: Սա իսկապես նմանը չունեցող բան է: Գազի գինն ընդհանրապես շուկայում իջել է, այնպես չէ, ինչպես ներկայացնում են, որ դա բանակցությունների արդյունք է: Համեմատեմ Ուկրաինայի հետ, որտեղ հունվարի 1-ից գազն ստանում են 245 դոլարով՝ նախկին 400-ի փոխարեն, եւ քաղաքացուն վաճառվում է 270-280 դոլարով:

Իհարկե, այստեղ պետք է հանել ԱԱՀ-ը, ուկրաինացիներն ու բելառուսները սուբսիդավորում են ավելացված արժեքի հարկը, եւ սպառողն ապրում է՝ մարժան կազմում է 30 դոլար, համեմատեք մեր 205 դոլարի հետ: Կորուստներն Ուկրաինայում կազմում են 2,5 տոկոս, իսկ մեզ մոտ՝ պաշտոնապես 5 տոկոս, իրականում՝ 7-8%: Սա խայտառակ համեմատություն է, եւ որեւէ մեկը չի կարող սրա դեմ խոսել:

Այս ամբողջ էներգետիկ համակարգում մեր խնդիրն այն է, որ չկա ռազմավարություն: Եթե մեզ մոտ թանկացման անհրաժեշտություն է լինիում, թանկացնում են՝ կորցնելով սպառողին: Սա է ամբողջ հեքիաթը: Գազի ոլորտում տարեկան 50 հազար սպառող ենք կորցնում՝ տարեկան 15-17 հազար ընտանիք: Այս կերպ շարունակելով գազի եւ էլեկտրաէներգիայի համակարգը ձեռքից կգնա, եւ Հայաստանի էներգետիկ համակարգն ուղղակի կպայթի: Կառավարության անփույթ, անմարդկային վերաբերմունքը տեսեք, թե ուր է հասցրել:

Քաղաքացու սակագնի մեջ ԱԱՀ-ը կազմում է 52 դոլար: Այս թանկացման մանիան կործանելու է համակարգը: Նույն Միլլերը, որը հայտարարում է, որ պետք է Հայաստանում 100%-ով գազաֆիկացնել համակարգը, գիտի, որ Ռուսաստանում 63 տոկոս է գազաֆիկացման մակարդակը, Ուկրաինայում՝ 80 տոկոս: Ինչո՞ւ են փորձում հարյուր տոկոսով գազաֆիկացնել, մեծացնել սակագինն ու արդյունքում կորցնել սպառողին: Ընդ որում, որպես փաստարկ՝ բերում եք ՀԷՑ-ը կամ այլ օբյեկտները: 2012-ի տվյալներով, ՀԷՑ-ի պարտքը կազմում է 5 միլիարդ դրամ, 2013-ին՝ 9 միլիարդ վնաս, բայց այդ երկու տարիներին տարեկան 1,4 միլիարդ դրամի բարեգործություն է արել ՀԷՑ-ը: Ո՞վ է քեզ թույլ տվել քաղաքացու հաշվին վնասով աշխատել ու բարեգործություն անել: Հարսով փեսին լավությու՞ն եք անում: Ի՞նչ իմաստ ունի միլիոնավոր դոլարների բարեգործություն անել, հետո ասել՝ «պարոնայք, ես սնանկ եմ, ինձ էժան գնով վաճառեք»:

Նույնը կապված է Ատոմակայանի հետ: Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ 2018-ն երկրորդ բլոկը պետք է աշխատի: Իյա, իրո՞ք, բա ու՞ր ա: Երկրորդ բլոկի համար 5 միլիարդ դոլար է պետք: Ֆինանսական որեւէ հեռանկար ունե՞նք, ո՛չ: Իսկ վարկ էլ չեն տալու: ՀՆԱ-ի 52%-ի չափով պարտք ունեցողին էլ ո՞վ վարկ կտա:

Այնուամենայնիվ, ԱԷԿ-ը մեզ համար առաջին հերթին ստրատեգիական խնդիր է, երկրորդը՝ հոսանքի, նոր երրորդը՝ գիտական: Ատոմակայանը քո գործիքն է, որի շնորհիվ դու տարածաշրջանում գործոն ես: Բայց զուգահեռաբար պետք է ասեմ, որ գազը, արեւը, քամին էլեկտրաէներգիայի արտադրության փոփոխական աղբյուրներ են, ամենակայունը ատոմակայանի տված էներգիան է, այդ առումով այն առավելություն ունի մնացած բոլորի նկատմամբ: Բայց պարտադիր պետք է մտածել հիդրոակումուլյատորների ստեղծման ծրագրերի մասին: Գերմանիան ու Ավստրիան այս ծրագիրը շատ լավ են օգտագործում. մեկը մյուսին օրվա տարբեր ժամերին հոսանք է տալիս, եւ երբեք ավելցուկ չի լինում: Ատոմակայանի հոսանքն ակումուլացնելու ուրիշ տարբերակ չկա, քան հիդրոակումուլյատորային կայաններ ստեղծելու միջոցով:

Դրա իմաստը հետեւյալն է. ավելցուկ էներգիան գիշերը ջուրը բարձրացնում է վերեւ, ինչ-որ մի ավազան, հետո անհրաժեշտության դեպքում իջնում է, արտադրում է էլեկտրաէներգիա եւ կոմպենսացնում է ավելցուկի կորուստը: Իհարկե, ՕԳԳ-ն 100% չէ, բայց շատ լավ միջոց է՝ ավելցուկն օգտագործելու:

Այս առումով եւս մենք կողմ ենք նախագծին, եւ ուզում ենք, որ կառավարությունը սրա մասին եւս մտածի ու համալիր ծրագիր ստեղծի: Իհարկե, քաջ գիտակցում ենք, որ էլի կընկնենք պարտքի ծանր բեռի տակ, բայց կրկնեմ՝ ատոմակայանը ռազմավարական լրջագույն գործիք է, եւ այն պետք է պահպանել: Կողմ ենք եւ՛ վարկին, եւ երկրորդ բլոկի կառուցմանը:  

‘

Նախորդ հոդվածը‘«Մտավոր սեփականությունը» կպաշտպանվի’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է մեծանուն ծանրորդ Վարդան Միլիտոսյանը’