‘
Կառավարության ներկայացրած 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների, մասնավորապես՝ կրթության և մշակույթի բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ ILur.am-ը զրուցել է ԱԺ «Հայ ազգային կոնգես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ: Նախ, Մանուկյանը շեշտեց, որ տարեցտարի ահագնացող արտագաղթը ծանր հարված է հասցնում կրթության ոլորտին, ինչը բացահայտ կերպով երևում է բյուջեում: Այդպիսի պայմաններում, նախ, վերանում է մրցակցությունը, և ուսումնական տարբեր հաստատություններում հայտնվում են նույնիսկ երկու ստացողները, այս տարի անգամ հազար հոգի ընդհանրապես քննություն չի հանձնել:
«Արդյունքում, բուհի հիմնական նպատակը, այն է ՝ գիտնական, մասնագետ պատրաստելը, դառնում է երկրորդական»,- ասում է Մանուկյանը:
Նա անդրադարձավ երիտասարդական հիմնադրամի գործունեությանը, որը պետք է փոխհատուցի սոցիալապես անապահով ուսանողների վարձավճարները, ինչի համար հատկացվում է 140 միլիոն դրամ: Սակայն գումարի տնօրինումը կատարում է 130 հոգանոց աշխատակազմ պահող կարկառուն երիտհանրապետական Կարեն Ավագյանը, և բնականաբար՝ «մարդկանց հասկացնում են, որ լինես հանրապետական՝ հարցդ կլուծվի, չլինես՝ դուրս կմնաս»: Արամ Մանուկյանը նկատում է, որ բյուջեում գոյություն ունի ֆինանսական հատկացումների բարձր աճ՝ բյուրոկրատական ապարատի նկատմամբ: Բոլոր նախարարությունները, կրթության հետ կապված, մարզպետարաններում՝ ունեն տեսուչներ և ներկայացուցիչներ, որոնց աշխատավարձը բարձրացել է 170-180 տոկոսով, այսինքն՝ «բյուրոկրատական ապարատը լավ կերակրում են, նրանք, ովքեր իրենց քաղաքականությունն են պահում՝ լավ են պահում»,-ասում է Արամ Մանուկյանը: Ֆինանսավորումը, ըստ Մանուկյանի, համաչափ չէ: Այսպես՝ կրթության նախարարի ապարատի ֆինանսավորումը 2 տարվա ընթացքում ավելացել է 232 տոկոսով, ստացվում է, որ իրենցը ավելանում է հարյուրավոր միլիոններով, իսկ ամբողջ հանրապետության սահմանամերձ գյուղերի ուսուցիչների փոխհատուցումները, նպաստները միասին վերցրած՝ ընդամենը 63 միլիոն դրամ են:
Շարունակելով արտագաղթի թեման՝ Մանուկյանը փաստում է, որ աշակերտների թիվը 2007 թվականից այս կողմ պակասել է հարյուր հազարով, 250 գյուղ կա, որոնք կարելի է ասել՝ առաջին դասարան չունեն, դպրոցների շենքերի 53 տոկոսը դատարկ է: «Հետևաբար՝ մոտեցումը սահմանամերձ գյուղերի համար պետք է լինի արտակարգիրավիճակային, լուրջ ներդրումներ պետք է արվեն, որպեսզի աշակերտին և ուսուցչին ամեն գնով պահես գյուղում»,- նշում է Մանուկյանը: Իսկ թվերը, նրա խոսքով, ցույց են տալիս, որ հեռու գյուղերի համեմատ՝ Երևանին մոտ մարզերում ֆինանսավորումը ավելի մեծ է: Արարատի մարզում «Սնունդ աշակերտներին» ծրագրով 2015 թվականին նախատեսված է 330 միլիոն, մնացած բոլոր մարզերին իրար հետ վերցրած՝ 250 միլիոն: Իշխանությունները պնդում են, որ սա պիլոտային ծրագիր է, որն իրականացվում է համաշխարհային բանկի հետ միասին: Այս դեպքում, Մանուկյանը հարց է տալիս. «Չէ՞ որ այդ ծրագիրը սոցիալապես անապահով խավերի համար է, չգիտեի՞ք, որ ամենաանապահովը Արարատի մարզը չի»: Նույն իրավիճակն է նաև դասագրքերի բաժանման հարցում, և կրկին առաջին տեղում է Արարատի մարզը: «Ուզես թե չուզես՝ մտածում ես, որ եթե վարչապետը լիներ Լոռվա մարզից, ապա այնտեղ էր ֆինանսավորումը լինելու»,- համոզված է Արամ Մանուկյանը:
Մյուս հարցը վերաբերում է պահուստային ֆոնդի բաշխվածությանը: Մասնավորապես, Արամ Մանուկյանը հիշեցնում է, որ Հանրային հեռուստատեսությունը շուրջ 500 միլիոն դրամ վարկ է վերցրել, իսկ այդ վարկը փակում է կառավարությունը իր պահուստային ֆոնդից, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների համար: «Ո՞վ է թույլ տվել Հանրային հեռուստատեսությանը մտնել ռիսկային ծրագրի մեջ, պարտքը չմարել, գնալ կառավարությունից գումար վերցնել և հետո էլ կատարել նրա պատվերը: Դա հանրային հեռուստատեսություն է, ոչ թե՝ կառավարության: Պահուստային ֆոնդ ունեք, տարեք գյուղացու հարցերը լուծեք, քանի տեղ կարկուտ եղավ»:
Արամ Մանուկյանը համառոտ ներկայացրեց նաև մշակույթի բնագավառում առաջնային հարցերից մեկի՝ հուշարձանների պահպանության վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները: Մասնավորապես, նա նշեց, որ խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ՝ հուշարձանների ցուցակը կառավարությունից խորհրդարան հետ բերելու նպատակով. «Օրենսդիրը պետք է հաստատի և պահպանի այդ ցուցակը, որ եկող-գնացող ամեն մի կառավարություն չփոխի, չտեղափոխի ու չքանդի: Այսպես է եղել մինչև 2003 թվականը: Ռոբերտ Քոչարյանը փոխեց, ու դրա արդյունքում շուրջ 100 հուշարձան քանդվեց: Գոնե փորձենք այդ ընթացքը կանգնացնել»,- ասում է Արամ Մանուկյանը:
‘