‘
«Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը մեկ տարի աշխատել է, եւ մենք հնարավորություն ենք ունեցել ծանոթանալու բավական նյութերի: Այն, ինչը ես հիմա ասելու եմ, ավելի հիմնավոր եւ փաստարկված է, քան ասում էի մեկ տարի առաջ: Այն լուրջ հիմքերը, որ կան այլ երկրներում գազի գինը ավելացնելու համար, Հայաստանում չկան»:
Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում կորուստները չափից դուրս շատ են, եւ դրանք հանգիստ կարելի է կրճատել 50 տոկոսով: «Հայաստանում կորուստները փաստացի կազմում են մինչեւ 8 տոկոս՝ տարեկան 150 մլն խմ, իսկ բյուջետային հիմնարկները տարեկան վառում են մոտ 5 մլն խմ: Այսինքն՝ մեկ տարվա կորուստները 30 անգամ ավելի են, քան մեր պետական հիմնարկները բոլորը միասին գազ են վառում: Սա աննախադեպ է:
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք կանոնակարգված չեն էներգետիկայի մասին օրենքով: Այսինքն, օրինակ՝ որեւէ գրիչ, մեքենա առնելուց առաջ պետք է ապացուցես, որ դա գազի սպասարկման համար է: Այս ամենից օգտվելով՝ Գազպրոմը ինչ ուզում առնում է, որքան ուզես ծախսում է, իսկ դա մտնում է սակագնի մեջ, եւ ոչ ոք չի կարող մեղադրել: Ծախսերը եռակի ավելացել են»,- նշեց Արամ Մանուկյանը:
Նա հայտնեց նաեւ, որ կան բնագավառներ, որտեղ կոռուպցիան ակնհայտ է: «Օրինակ, նախ՝ տեսուչը իրավաբանական անձանց վրա կարող է սուբյեկտիվորեն կիրառել ցանկացած գործակից: Երկրորդ՝ 9999 խմ գազ վառողը մուծում է կատարում 400 դոլարով, իսկ 10001 հազար խմ վառողը՝ 277 դոլարով: 700-ից ավելի իրավաբանական անձինք այժմ այդ եզրի վրա են»,- ասաց պատգամավորը:
Արամ Մանուկյանը նշեց նաեւ, որ լիովին հնարավոր է իջեցնել գազի գինը: «Առանց աչք թարթելու կարելի է 30 դոլարով իջեցնել գինը, ուղղակի՝ կամք է հարկավոր»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
‘