‘Արամ Մանուկյան. Գազի հարցում իշխանություններն իրենց պահել են «ղումար խաղալիս» պարտվողի պես ‘

1024

2008-ից հետո գազի գինը հինգ անգամ Հայաստանում փոփոխվել է, բայց դրա մասին հանրությունն ընդամենը մեկ անգամ է տեղեկացվել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Սա մաքուր քաղաքական խաղ է, որը կապ է ունեցել ընտրությունների հետ, եւ թանկացումների փաստը թաքուն է պահվել հանրությունից, խորհրդարանից, անգամ՝ ՀՀԿ-ական մեծամասնությունից», — նշեց Մանուկյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր ընտրությունից հետո տեղի է ունեցել հատկապես կտրուկ թանկացում, չնայած որ իշխանությունները տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել են, թե նման բան չկա (2011-ի չորրորդ եռամսյակում, 2012-ի հուլիսին՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի շուրթերով, սեպտեմբերի 6-ին, 2013-ի մարտին եւ այլն):

Մասնավորապես, ըստ պատգամավորի, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո գազի ներկրման գինը $217/1000խմ-ից դարձել է 249 դոլար, իսկ 2013-ի նախագահական ընտրություններից հետո, թեեւ Սերժ Սարգսյանը մարտին տված ասուլիսում հայտարարել է, թե թանկացումների մասին խոսակցությունները «հերյուրանքներ եւ բամբասանքներ են», այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո գազի ներմուծման գին է հայտարարվել 270 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Չնայած դրան, Արամ Մանուկյանի ներկայացմամբ, «Հայռուսգազարդը» շարունակել է ռուսական կողմին վճարել նախկին գնով՝ 180 դոլար, ինչի հետեւանքով, այս ընթացքում 300 միլիոն դոլարի պարտք է գոյացել: Այդ պարտքից 155 միլիոն դոլարը կառավարությունը վճարել է՝ ռուսական կողմին հանձնելով  «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը: Ընդ որում, պատգամավորի խոսքով, իշխանությունները պետությանը պատկանող գույքը հանձնել են՝ ոչ թե հաշվի առնելով դրա իրական արժեքը, այլ գնահատելով պարտքի չափը: «Ղումար խաղալիս, երբ նեղն ընկած ժամանակ 100 դոլարանոց ժամացույցն ուզում են խաղադրույքի դնել, մրցակիցն ասում է՝ ես դա 5 դոլար եմ գնահատում: Սա էլ նույն դեպքն է», — նշեց Արամ Մանուկյանը: Փաստորեն, ըստ պատգամավորի՝ իշխանությունները ցանկացած պայմանի համաձայն են եղել, որպեսզի չբացահայտվի տարիներ ի վեր սեփական հանրության դեմ իրականացվող կեղծիքը:

Բացի դրանից, նրա խոսքով, գործադիր իշխանությունն իրավունք չուներ պետությանը պատկանող ՓԲԸ-ը վաճառել առանց խորհրդարանի համաձայնության:  Ամփոփելով՝ պատգամավորը նշեց, որ այս տարնիերի ընթացքում սովորական գազ սպառողները շատ ավելի մեծ արժեք են վճարել գազի դիմաց, քան կարող էին վճարել, եթե գազի գներն աճեին:

«Հիմա մենք տեսնում ենք, որ իշխանությունը պատրաստ է տալ բացառապես ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար», — ասաց Արամ Մանուկյանը: Նա նշեց նաեւ, որ այս ամենը բացահայտ հաղորդում է հանցագործության մասին, որեւէ ծածուկ փաստ չկա, եւ իրավապահ մարմիննեը պարտավոր են քննել այս փաստը:

Նախորդ հոդվածը‘Շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Արարատի մարզում ավտովթարի հետևանքով դերասաններից 1-ը մահացել է, 4-ը վիրավոր են’