‘
Այսօր ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Դուք հաղթում եք ոչ թե նրա համար, որ ձեր դաշտը մեծ է, այլ քանի որ լսողը ուրիշ այլընտրանք չունի: Ինտերնետը, ինչպես նաև կաբելային հեռուստատեսությունը համարվում են ձեր հակառակորդը»,- հայտարարեց Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ միայն դիտում է կաբելային հեռուսատեսություն, քանի որ հայկական հեռուստաընկերությունները չեն տալիս ճշմարիտ ինֆորմացիա, ինչպես նաև ունեն պրոբլեմներ որակի առումով: Նա նշեց, որ ինքը ճշմարիտ ինֆորմացիան ստանում է մի քանի էլեկտրոնային կայքեր կարդալով, եւ որ Հ1-ը ճշմարտությունը չի հաղորդում:
«Իրենք փորձում են պահել այդ դաշտը սերիալների միջոցով, որը հեռանկարային չէ: Սա միայն համարվում է մարդկանց հրապարակից բազմոց բերելու միջոց: Ինչևէ, պահանջը դա է, բայց գոնե եթե ցուցադրում են, ապա այնպիսի որակով անեն, որ ես չարգելեմ ուրշներին նայել»:
ՀԱԿ խմբակցության քարտուղարը նաև անդրադարձավ սերիալներում հաճախ հանդիպող ժարգոնին՝ նշելով, որ այն, տհաճ լինելով հանդերձ, համարվում է հաճախորդ ներգրավելու միջոց: Ինչպես նաև, որ այս մեթոդը գործում է միայն կարճ ժամանակահատվածով:
«Քաղաքականություն պետք է լինի նաև մրցակից այս դաշտում, քոնը տալով՝ հաղթիր մյուսին: Օրինակի համար՝ Սպիտակցի Հայկոն կհաղթի Կոմիտասին , բայց դա չի նշանակում, որ պետք է դա անել: Անհրաժեշտ է ներքևի մակարդակը բարձրացնել վերև, այլ ոչ թե հակառակը: Դուք սպասարկում եք «մարշրուտկայի շոֆեռ» ճաշակը: Սերիալների քանակը այժմ գերազանցում է մշակութային հաղորդումներին»:
Արամ Մանուկյանը առաջարկեց, որ գովազդի ժամանակ ձայնը մնա անփոփոխ, քանզի մարդիկ վախենում են, և դա տալիս է հակառակ էֆեկտ:
«Մտածեք, որ այս դաշտում հեռանկարով պարտվում եք , այս խնդիրը լուծելով՝ հաղթող չեք դառնա,- նշեց նա՝ հավելելով. -Ճաշակը համարվում է ազգի զարգացվածության խնդիր, որը հավասար ազդեցություն ունի մարդու առողջության վրա: Այն պետք է դիտվի որպես ազգային անվտանգության հարց, և հեռուստատեսությունը ամենամեծ գործիքն է: Արժե, որ պետությունը մրցակից դառնա հեռուստատեսության դաշտում իր քաղաքականությունը իրականացնելու գործում»:
‘