‘Արամ Մանուկյան. Զավեշտալի է, երբ գիտնականը ստանում է 50 000-ից 70 000 դրամ աշխատավարձ’

736

ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի քննարկման ընթացքում, գիտությանը հատկացվող միջոցների առնչությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց.
«Ես չգիտեմ մեկ այլ բնագավառ, որտեղ միջին աշխատավարձը հանրապետական միջին ախատավարձից երկու անգամ ցածր լինի: Գիտության բնագավառում աշխատավարձը կազվում է 50 000-ից 70 000 դրամ, որը զավեշտ է: Մտահոգություններն ու առաջարկությունները այստեղ մեծ մասամբ հնչում են այդ հարցով: Չի կարելի և անթույլատրելի է խոսել գիտության մասին, երբ միջին աշխատավարձը կրկնակի ցածր է»:
Մանուկյանի խոսքով՝ գիտության համար գումարներ կարելի է գտնել՝ կրճատելով ստվերային տնտեսությունը նույնիսկ 1%-ով, դադարեցնելով շքեղ շինարարությունները, օրինակ՝ ԿԲ-ի շինարարությունը:
Երբ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը փորձեց վերջինիս ընդհատել, Արամ Մանուկյանը նրան հակադարձեց՝ ասելով, թե պատգամավորը կառավարության պաշտպանը չէ:
«Դուք էլ պետք է մտահոգված լինեք խնդիրների բարձրացմամբ և խնդիրների լուծմամբ, դուք և ձեր կուսակցությունը, կարծես թե, կառավարության պաշտպանն եք այս շենքում, դուք մեթոդապես սխալ ճանապարհի վրա եք»:
Իսկ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը գիտաշխատողների ցածր աշխատավարձը հիմնավորեց նրանով, որ գիտնականները, բացի գիտական ինստիտուտներում աշխատելուց, նաև դասավանդում են բուհերում, մասնակցում են միջազգային դրամաշնորհային տարբեր ծրագրերի, այսինքն՝ գիտաշխատողի աշխատավարձը նրանց միակ եկամուտը չէ:

Նախորդ հոդվածը‘Թեհրանում տեղի է ունենում հակաամերիկյան ցույց ‘
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին կզրկվի նահանգապետեր նշանակելու իրավունքից ‘