‘Արամ Մանուկյան. Ժողովուրդը դժգոհ է նաև ռեֆորմ իրականացնողից (տեսանյութ)’

1188

Այսօր խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ-ն շարունակել է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի ելույթը՝ ստորև.

«Իհարկե, հետաձգմանը մենք կողմ ենք, բայց հետաձգումը խնդիր չի լուծում: Հետաձգումը ընդամենը երկու ամիս խնդիրը հեռացնում է: Այդ առումով ավելի ճիշտ է խոսել ոչ թե ժամկետների, այլ բովանդակության մասին: Իսկ բովանդակությունը հետևյալն է. ես էլ այս ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց հետ, փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք ունեն լուրջ մտահոգություններ, և այս օրենքը այդ մարդկանց բերում է կանգնեցնում անորոշության առջև: Մի քանի այդպիսի օրինակներ ասեմ և փորձեմ ընդհանրացնել. մասնավորապես՝ շատը այսօր ոսկու շուկայում և ադամանդագործների մոտ, կներեք բառի համար, նիսիայով աշխատելն է, երբ  մարդը ստանում է ապրանք, մարդը վերցնում է ապրանք և փողը տալիս է, երբ  այդ ապրանքը իրացվում է, վաճառվում է կամ մատանի է դառնում, կամ շղթա է դառնում և այլն: Եւ այս դեպքում դու չես կարող, որովհետև կարող է այդ գործարքը ընդհանրապես արդյունք չունենալ, և ինքը չարած գործարքի համար մտնի շրջանառության մեջ, մտնի հարկային դաշտ՝ ուղղակի տրամաբանությունից դուրս է: Սա՝ մեկ օրինակ: Կան ուրիշ դեպքեր, շատ չեմ ուզում մանրացնել: Երբ անգամ փոքր ու միջին ձեռնարկատերը, ուզենա էլ՝ թուղթ չի կարող ներկայացնել: Այդ ձևի դեպքեր կան: Մենք քննարկել ենք, ես ձեզ հետ խոսել եմ: Ի՞նչ է տեղի ունենալու:

Այս մարդիկ ասում են, որ այս օրենքի կիրառման դեպքում երկու բան գոնե հստակ է: Մի մասը փակվելու է : Ես ե՛ւ նախարարին եմ ասել, ե՛ւ այստեղ եմ հրապարակել, որ առնվազն, մի 500 փոքր, միջին ձեռնարկություն մի երկու ամսվա ընթացքում կփակվի: Փակվող ձեռնարկությունները ինչ են լինելու՝  հստակ է: Մյուսը, որ հետևելու է այս օրենքի կիրառմանը՝ ստվերի դաշտ մտնելն է: Իրականությունը այսօր այս է. կա այս դաշտում մի իքս գումար, որը իսկապես չի հարկվում՝ ստվերում է, կարող ենք այսպես ասել, և այդ ստվերի հաշվին են իրենք տուն պահում:Սա է իրականությունը: Իրականությանը եկեք ուղիղ նայենք և հստակ ասենք, ինչ է տեղի ունենում մեր երկրում: Իրենք ըմբոստանում են սրա դեմ, և եթե մենք այս օրենքը սկսենք կիրառել, այդ մարդիկ ոչ թե հարկային դաշտ են մտնելու, այլ ավելի են խորանալու ստվերի մեջ: Այսօր ակնհայտ է, որ և ոսկեգործության, և ադամանդագործության բնագավառում բավականաչափ տարածված է ստվերում աշխատելը: Մարդիկ տանը մի հատ հաստոց են դնում և աշխատում են  և իրենց ապրանքը վաճառում են հարևանին, բարեկամին, արտասահման գնացող, Ռուսաստան գնացողի միջոցով: Սրա հաշվին, որ մենք սկսեցինք կիրառել՝ ոչ թե այդ մարդկանց ստվերից հանելու ես, այլ մի մասին ուղղակի ավելի խորը ստվեր ես մտցնելու: Եւ տեղի է ունենալու հետևյալը. մարդիկ, որոնք չեն դիմանալու այս ճնշմանը , ուղղակիորեն կամ գնալու են, կամ ձեր ասած ստվերը մեծացնելու են, արդյունքում ստացվելու է ավելի շատ ստվերային քաղաքականություն, ձեր բյուջեից դուրս գումարներ, որի տնտեսական օգուտը դուք չեք լուծելու: Դուք լուծում եք այսօրվա, այս պահի խնդիրը, բայց հետագա մեծ, երկար ծրագրի առումով՝դուք կորցնելու եք մուծողներին:

Այսինքն, ստացվում է, որ լավ խնդիր լուծելու արդյունքում մենք կորցնելու ենք այն մարդկանց, ովքեր  փող են բերելու այդ լավ խնդիրը իրականացնելու համար: Ընդ որում, սա օրինաչափություն է. քաղաքական գործիչի առաքելությունն է նաև այն, որ տարբեր օրինակներ բերի, իրար կողքի դնի, մոզաիկա սարքի և երևույթը ներկայացնի: Հիմա ես ձեզ օրինակներ եմ բերում: Գազի գնի համար այս նույն ելույթը ունեցել եմ, հոսանքի համար ունեցել եմ, թոշակների համար ունեցել եմ, կարմիր գծերի համար խոսել եմ: Բոլոր այն երևույթները, որի արդյունքում դուք ուզում եք փող ստանալ, ձեր մղումը բարի է, ճիշտ է՝ բյուջեն պետք է լցնել, արդյունքում՝ կորցրել ենք սպառողներին: Ամեն գազի թանկացում, միջինացված, 5 տոկոս գազի սպառող է կորցրել: Ամեն մի հոսանքի թանկացում՝ առնվազն 4-5 տոկոս տարեկան կորցրել ենք հոսանքի սպառող:

Թոշակների հետ կապված: Ուրեմն, հիմա ձեզ ասեմ, հունվարի մեկից Ռուսաստան մտնելը դառնալու է շատ ավելի հեշտ, աշխատանք գտնելը շատ ավելի հեշտ է դառնալու, քաղաքացիություն ստանալը դառնալու է հեշտ, այնտեղ նվազագույն թոշակը 300 դոլար է , ով դարձավ Ռուսաստանի քաղաքացի՝ 300-400 դոլար է ստանում, մեզ մոտ ինչքա՞ն է՝ 100 դոլարի համարժեք: Այսինքն, եթե մենք ստեղծում ենք միջավայր, որ մարդիկ գնում են դեպի շատ գումար ստանալը, գնում են ավելի բարեկեցիկ կյանքը, ավելի բարգավաճ կյանք, իհարկե, պետք է գնան: Հիմա, սրա արդյունքում մենք կորցնելու ենք և թոշակառուին, և սպառողին, և գազ վառողին, և հոսանք վառողին, և կարմիր գծի համար փող մուծողին:Ո՞րն է մեր քաղաքականությունը. կոպեկ հավաքել, այսօր խնդիրը լուծե՞լ, բյուջեի հարցը լուծե՞լ, ուսուցչի, զինվորի հարցը լուծե՞լ, թե՞ ստեղծել այնպիսի միջավայր, որ գործատու լինի, որ աշխատող լինի, փոքր ձեռնարկությունը, միջին ձեռնարկությունը զարգանա, մեծանա, նրա հարկ տալու հնարավորությունն էլ մեծանա:

Մենք գնում ենք լրիվ հակառակ ծայրից, լրիվ հակառակ ուղղությամբ, լրիվ հակառակ տրամաբանությամբ: Ջհանդամ թե այդ փոքր ձեռնարկատերը կգնա, կարտագաղթի, ստվեր կմտի, չի մուծի, կհրաժարվի, բայց այս պահին գումարը հավաքեն: Ո՞վ չգիտի, որ ինչքան թանկացնում ենք, լևի գծերը այնքան շատանում են: Մենք որքան էլ գազի գինը բարձրացնում ենք, գազի կորուստը չի պակասում, նույնն է մնում: Այդ 11 տոկոս, 13 տոկոս կորուստները Հայաստանի կեղտոտ գումարների վաստակելու միջոցն են: Միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ գնում են գազի վերանորոգման վրա, գազի նորացման համար, էլեկտրական հոսանքների վերակառուցման համար, բայց  կորուստները մնում են նույնը: Սա նշանակում է՝ ինչքան դու ուզում ես ավելացրու, գինը ավելացրու, իշխանավորի կերած գումարը չի պակասում, և եթե այդպես սկզբունքային եք, հիմա նայեք, գազի համար հետ գնացիք, թոշակների համար որոշումներից հետ գնացիք, կարմիր գծերի համար հետ գնացիք, հիմա հղիների համար որոշումներից հետ եք գնում, այսինքն՝ այս ի՞նչ ռեֆորմներ եք բերում,սահմանադրությունն էլ ձեզ վրադիր:

Այս ի՞նչ ռեֆորմներ եք բերում, որ մի քիչ ճնշում է լինում, հետ եք կանգնում: Այսինքն, եթե այդքան սկզբունքային եք, եթե այդքան ճիշտ եք, եթե այդ ամենը համարում եք ճիշտ, ընդամենը մի շաբաթ ճնշում է պետք ձեր վրա գործադրել և դուք հետ եք կանգնում: Հղիներինը ճիշտ էր, բա ինչի՞ հետ կանգնեցիք: Կենսաթոշակայինը ճիշտ էր, ինչի՞ հետ կանգնեցիք: Մեզ համոզում եք, որ բյուջեն կպայթի, եթե այս օրենքը չկիրառվի, ինչի՞ տարաք փետրվարի 1: Հիմա փետրվարին, ես ձեզ խոստանում եմ, որ էդ ժողովուրդը էլի ոտքի է կանգնելու: Ի՞նչ եք անելու:Մի հատ էլ հունիսի 1 եք տանելո՞ւ: Դե եթե սկզբունքային եք, քաղաքական դիրքորոշում ունեցեք, եկեք ասեք՝ չէ, սա ճիշտ է, և դուք չեք հասկանում ու քվեարկեք: Խի՞ եք հետ գնում, ձեր  հետքայլ անելը, այս բոլոր նշածս օրինաչափությունների մեջ, նշանակում է՝ դուք էլ համոզված չեք ձեր խնդրի ճշմարտացիության ու արդարացիության մեջ: Եւ հիմա էլ սա է:

Փետրվարին այդ շարժումը կսկսվի. կամ մի մասը կգնա, կամ մի մասը ստվեր կմտնի, մի մասն էլ դուրս կգա փողոց, դուք էլ ստիպված կլինեք հաջորդ քայլը անելու: Ասածս ինչն է: Ձեր մոտեցոււմների մեջ չկա համակարգված, ռազմավարական մոտեցում: Իսկ այդպես կառավարել չի կարելի, այդպես ռեֆորմներ անել չի կարելի: Եւ մի հատ էլ պրոբլեմ կա. այս ժողովուրդը ոչ միայն դժգոհ է ռեֆորմից, այլև դժգոհ է ռեֆորմ իրականացնողից: Գագիկ Խաչատրյանը ինչ ռեֆորմ էլ անի, չեն հավատալու: Բիզնեսմենը իրավունք չունի  բիզնեսի մասին օրենք բերի, ինչ էլ ուզենաք՝ արեք, այդ մարդու նկատմամբ  ակնածանք, հարգանք ՝որպես օրենքի, անաչառ տնտեսական ռազմավարություն իրականացնողի՝ չկա, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի գիտի՝ ինչ բիզնես ունի Գագիկ Խաչատրյանը, ինչ գործունեություն են իրականացնում ձեր մնացած նախարարները, որոնք ռեֆորմների կիրառողներն են, ռեֆորմների կրողներ են: Չի կարող այսպես լինի: Կարմիր գիծը վա՞տ բան էր, շատ լավ բան էր, ինչի՞ չհավատացին, որովհետև իմացան՝ փողը ուրիշ տեղ  է գնում, ուրիշ ծրագիր է, ոչ թե դա ճանապարհների որակն էր, ոչ թե ճանապարհների, տրանսպորտի անվտանգության որակի խնդիրն էր լուծում, այլ լրիվ ուրիշ խնդիր էր լուծում: Այս կարգով, ռեֆորմի կատարողին չհավատալով՝ ռեֆորմ չի իրականացվի, վստահություն չլինելու դեպքում երբեք չի լինի, անգամ լավ բան էլ անեք: Եւ այս խնդիրը մտնում է այդ օրինաչափությունների մեջ»:

Նախորդ հոդվածը‘«Եռյակը» հանդիպում է անցկացնում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը Ֆեյսբուքին ուղարկել է 4 հարցում՝ օգտատերերի անձնական տվյալները ստանալու համար’