‘Արամ Մանուկյան. Իշխանությունը ժողովրդին ընդվզման է մղում’

1309

Նախորդ քառօրյային իշխանությունները հերթական անգամ մերժեցին հասարակության եւ ընդդիմության յուրաքանչյուր պահանջ եւ առաջարկ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ քառօրյային ՀՀԿ-ն մերժել է թե՛ Քառյակի ներկայացրած բոլոր առաջարկները՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթները փոփոխելու վերաբերյալ, թե՛ արտակարգ դրության պայմաններում բանակի օգտագործումը բացառող՝ Կոնգրեսի առաջարկած օրինագիծը:  Պատգամավորի խոսքով՝ գործող օրենքը հակամարդկային է եւ հակասահմանադրական:

«Իշխանությունը միայն մինուսի վրա է աշխատում՝ հասարակությանը մղելով ընդվզման», — ասաց Արամ Մանուկյանը: Նա հավելեց, որ վերջին օրերին մեծամասնության որդեգրած անզիջում կեցվածքը է՛լ ավելի կոշտ է դարձնելու ընդդիմադիր հանրահավաքներում հնչող գնահատականները եւ պահանջները:

Անդրադառնալով շրջանառության հարկի խնդրին՝ Արամ Մանուկյանը տարակուսանք հայտնեց, որ ֆինանսների նախարարությանը տրված կարգադրությունում հորդոր կա «անհարկի ստուգումներ չանցկացնել» փոքր եւ միջին ձեռնարկություններում: Պատգամավորի խոսքով՝ այս ձեւակերպումը թույլ է տալիս ենթադրելու, որ նախկինում անհարկի ստուգումներ պարբերաբար եղել են: 

Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր Արարատում կայանալիք հանրահավաքին ինքը ելույթ է ունենալու, իսկ նախորդ՝ Սյունիքում կայացած հըանրահավաքներին չի մասնակցել, որովհետեւ զբաղվել է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք հանրահավաքների կազմակերպական հարցերով: Այսօրվա հանրահավաքը չարտոնելու՝ Արարատի քաղաքապետարանի որոշման վերաբերյալ պատգամավորը նշեց, որ դատական հայց է նախապատրաստվել ընդդեմ քաղաքապետարանի, քանի որ հավաքը չարտոնելը անօրինական է: Մանուկյանի խոսքով՝ այսօրվա հավաքը տեղի կունենա նախօրոք ծրագրված տարածքից քիչ հեռու:

Նախորդ հոդվածը‘Մատս Հումելս. «Հենրիխ Մխիթարյանը արդեն լավ է խոսում գերմաներեն» ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուին դուր չի եկել, որ վանկարկել են Մեսսիի անունը (տեսանյութ)’