‘Արամ Մանուկյան. Իշխանությունը ուզում է մերժել իրականությունը (Տեսանյութ)’

1618

Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթը՝ Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ

Ես այժմ ցանկանում եմ խոսել ժողովրդի լեզվով՝ վիճակը վիճակ չէ, վիճակը վատ է: Առավելեւս, վատ է այն առումով, որ չեք ցանկանում համակերպվել դրա հետ: Դուք մեզնից ուզում եք լուծումներ, իհարկե, լուծումներ կան, բայց եթե չեք ուզում գնահատել, որ վիճակը վատ է, ի՞նչ լուծման մասին եք ուզում խոսենք: Եթե չկա այն համարձակությունը, որ նայենք իրերին եւ գնահատենք ճիշտ, չենք կարող հիվանդությունը բուժել: Պրոբլեմը չնկատելը կամ չնկատելու տալը չի  վերացնում այդ խնդիրը: Սա է մեր հասարակության ճգնաժամը:

Երկու օր առաջ Կենտրոնական բանկը համարձակվեց ասել, որ 2015 թվականի 4 տոկոսանոց աճը այլեւ սպասելի չէ Հայաստանի համար, փոխարենը սպասելի է 0.4 տոկոս աճը: Մենք ձեզնից սա ենք ուզում, որ իրականության հետ համարձակ հաշվի նստեք: Եթե դուք խոսափում եք խնդիրներից, ապա ձեր նկատմամբ անվստահությունը ավելանում է: Ես  հիմա մի քանի փաստ կներկայացնեմ, որոնցից չեք կարող խուսափել: Ես կխոսեմ 2014 թվականին Հարավային Կովկասի 3 երկրներում սոցիալ-հոգեբանական վիճակը ուսումնասիրելու համար իրականացված հարցումների արդյունքների մասին: Նպատակը երեք երկրներում կառավարման համակարգերի նկատմամբ վստահության ուսումնասիրությունն էր, ինչպես նաեւ տնտեսական կացության, զբաղվածության, էմիգրացիայի, զարգացման հեռանկարների կանխատեսելիությունը:  Ներկայացնեմ մի քանի հարց.

Որո՞նք են երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրները: Հարցվածների 45 տոկոսը գտնում է, որ թիվ մեկ խնդիրը Հայաստանում գործազրկությունն է, իսկ 80 տոկոսը ամենակարեւոր խնդիր են համարել արտագաղթը: Համեմատելու համար ասեմ, որ արտագաղթը` որպես կարեւոր խնդիր, Ադրբեջանում համարել են 38 տոկոսը, Վրաստանում՝ 10:

Ճի՞շտ ուղղությամբ է արդյոք զարգանում ձեր երկիրը: Այս հարցին դրական է պատասխանել հայերի 9 տոկոսը, ադրբեջանցիների՝ 40 տոկոսը, վրացիների՝ 35 տոկոսը:

Հայաստանը դեմոկրատակա՞ն է, թե՞ ոչ: Քաղաքացիների ընդամենը 3 տոկոսն է պատասխանել` այո: 50 տոկոսը համարում է, որ կիսադեմոկրատական է, իսկ 34 տոկոսը՝  բացարձակ ոչ դեմոկրատական երկիր:

Հայաստանում հարցվածների միայն 13 տոկոսն է համարում, որ դատարանները անկախ են, իսկ 70 տոկոսը համարում է, որ անկախ չեն:  

Վերջին ընտրությունների հետ կապված` միայն 9 տոկոսն է համոզված, որ ընտրությունները արդար են անկացվել: 79 տոկոսը համարում է, որ եղել են անարդար:

Օրենսդիր մարմնին վստահում է ընդամենը  2 տոկոսը, կուսակցություններին՝ կրկին 2 տոկոսը, հասարակական կազմակերպություններին, գործադիրին եւ դատական համակարգին՝ 3 տոկոսը, լրատվամիջոցներին՝ 4 տոկոսը: 2-ից 5 տոկոս է կազմում մեր քաղաքացիների վստահությունը ընդհանրապես պետական համակարգի նկատմամբ: 

Սա է մեր իրականությունը: Մենք սրա հետ հաշվի նստե՞նք, թե՞ մերժենք այս փաստի գոյությունը: Մենք կարծես թե գնում ենք մերժելու ճանապարհով:

Մեր բնակչության 30 տոկոսը ընդհանրապես եկամուտ չունի, 51 տոկոսը ունի մինչեւ 100 հազար դրամի եկամուտ: Պարտք ունի մեր բնակիչների 51 տոկոսը: Սա մարտահրավե՞ր է, թե՞  ոչ: Արտագաղթելու ցանկություն ունի 60 տոկոսը, մշտական բնակությամբ արտագաղթելու նպատակ՝ 31 տոկոսը: Քաղաքացիների 83 տոկոսը ասել է, որ դրսում ունի բարեկամներ, իսկ ընկերներ ունի 67 տոկոսը: Սա՞ է մեր երկրում վստահելիությունը, ապահովությունը, կանխատեսելիությունը:   Հնարավոր չէ՝ այս փոքր երկրում դուք այս վիճակին ծանոթ չլինեք, բայց մերժել սա՝ առնվազն բարոյական, քաղաքական չէ: Իշխանությունը տառապում է բարոյական հիվանդությամբ, որովհետեւ ուզում է մերժել իրականությունը:

Բարոյահոգեբանական վիճակը, որի մասին ես ասում եմ, ամենակարեւորն է: Միջազգային բոլոր ուսումնասիրությունների մեջ մարդկային գործոնը համարվում է առանցքային գործոն խնդիրների համար: Անձնական օրինակից լավ օրինակ ուրիշներին դաստիարակելու համար գոյություն չունի:

Դուք ստեղծում եք կոռուպցիայի հանձնաժողով, որտեղ գտնվում է մարդ, որը ղեկավարում է մաքսային, հարկային համակարգը, որը ղեկավարում է Հայաստանի պետական բյուջե փողերի մուտքը եւ ելքը: Ասե՛ք, որ սա տրամաբանական է: Ասե՛ք, որ այդ պաշտոնի մարդը կարող է կոռուպցիայի դեմ պայքարել: Վեց անգամ ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովներ, դրանից կոռուպցիան պակասե՞լ է: 5 անգամ արտագաղթի հանձնաժողով է ստեղծվել, բայց արտագաղթը գնալով ավելանում է: Խոսվում է ցեղասպանության մասին, բայց սրա մասին խոսելու անհրաժեշտություն իշխանությունը չի՞ տեսնում: Թե՞ թշնամին հարմար է, որ դիսից լինի: Վանո Սիրադեղյանը կասեր՝ թշնամու հեռուն է լավը: Եկե՛ք մեր խնդիրները լուծենք:

Այս վարկաբեկված մարդկանցով, որոնցով լցրել եք կառավարությունը՝ մարզպետները, դիվանագիտական կորպուստը, դուք ուզու՞մ եք մարտահրավերներին դիմակայել եւ քաղաքացու վստահությունը ունենալ. չի լինի: Կերպարը, որով իշխանությունը ներկայանում է քաղաքացուն, որոշիչ է: Դուք այստեղ շատ կոպիտ սխալներ եք իրականացնում:

Եւ վերջին խնդիրը, որ ինձ համար շատ կարեւոր է, ազատ մարդու գոյությունն է: Դուք ձեր քաղաքականությամբ ազատ մարդուն կաշկանդող եք: Օրինակ՝ Հայաստանի կառավարությունը ֆինանսավորում է Հանրապետական կուսակցության մի կազմակերպության, որն իր հերթին ֆինանսավորում է հասարակական կազմակերպություններին: Սա անհեթեթություն է: ՀԿ-ներին, որոնք ներկայացնում են քաղաքացիական ազատ դաշտը, ֆինանսավորում է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն այդ փողը վերցնում է բյուջեից: Այսպես կարելի՞ է հասարակություն կառուցել: Ձեզ հրահանգվում է հաճախ միասին տխրել, միասին հարձակվել, միասին պաշտպանվել: Ձեր ազատությունները ոչնչացված են: Դուք այսպես քաղաքական գործիչ չեք կարող լինել: Մարդկային ազատությունը երկրի զարգացման հիմքն է: Դուք ոչնչացնում եք դա: Միակ հնարավոր գործիքը, որով կարելի է դրա դեմ պայքարել, ժողովուրդն է: Հենց ժողովրդի միջոցով ենք մենք փորձելու երկիրը բերել անկախ, ազատ մարդու դաշտ: 

Նախորդ հոդվածը‘Մարտի 10-ին տեղի կունենա ԲՀԿ համագումարը’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդարանում բուռն բանավեճ է ծավալվել «Կառավարման համակարգի ճգնաժամի մասին» նախագծի առնչությամբ’