‘Արամ Մանուկյան. Իշխանություններին տնտեսական կոլապսից փրկում են միայն տրանսֆերտները. Տեսանյութ’

1160

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության տնտեսության առաջ կանգնած մարտահրավերները, նշելով, որ տվյալները վերցված են բացառապես միջազգային կազմակերպությունների զեկույցներից:

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, այս տեմպերով 2008թ մեկ շնչին հասնող ՀՆԱ ցուցանիշը`3600 դոլար, կվերականգնվի միայն 2018-ին: Տարիներ շարունակ դուք հայտարարել եք, որ տնտեսության զարգացմանը խոչընդոետում են հարկային ու մաքսային խնդիրները, բայց այս տրիներին որեւէ քայլ չեք արել դրանք լուծելու համար, ընդհակառակը, ամեն ինչ արել եք օլիգարխիան ամրապնդելու համար», — նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով, հիմնական մարտահրավերներից է արտագաղթը.

«Այս տարի արդեն հաստատված տվյալներով արտագաղթել է 125 հազար մարդ: Սա ոչ միայն մարդկային եւ արտադրողական ռեսուրս է, այլեւ սպառողական: Հաշվեք, որ մյուս տարի սպառումն ավելի քիչ է լինելու, իսկ հարկային բեռը յուրաքանչյուր քաղաքացու վրա` ավելի ծանր», — նշեց նա:

Պատգամավորը մեջբերեց նաեւ այն տվյալը, համաձայն որի, 2008-ից սկսած, ամեն տարի 10 հազարով ավելացել է «Գրին քարտի»` ԱՄՆ քաղաքացիություն շահելու հայտատուների քանակը` հասնելով 100 հազարի:

«Տխուր փաստ է, որ Ստամբուլում բացում են հայկական դպրոցներ Հայաստանից գնացած երեխաների համար: Ընդ որում, հաշվբի առեք, որ յուրաքանչյուր գնացող մեծացնում է ավելի շատ գնալու հավանականությունը», — նշեց նա:

Տնտեսության մարտահրավերներից մեկն էլ, ըստ պատգամավորի, ներդրումների զգալի կրճատումն է` վերջին հինգ տարիներին 60 տոկոսով կրճատվել է ներդրումների ծավալը: Ընդ որում, արտերկրյա ներդրումների ամենացածր ցուցանիշը եղել է այս տարի:

Արամ Մանուկյանի համոզմամբ, ներդրումները նվազում են միայն այն պատճառով, որ ՀՀ-ը որպես վստահելի պարտնյոր չի ընկալվում: «Նույնիսկ ներքին ներդրումեր չկան, ուր մնաց` արտաքին: Երկրի ներսում փող ունեցող գործարարները գերադասում են այն պահել բանկերում ու տարեկան 7 տոկոս շահույթ ստանալ, քան` առկա ռիսկերի պայմաններում գործի մեջ դնեն ու 40 տոկոս ակնկալեն, — նշեց նա: — Համաշխարհային բանկի տվյալներով, կոռուպցիայի պատճառով երկու տոկոսով նվազում է տնտեսության զարգացումը: Բոլորդ գիտեք, որ ներմուծումը երեք անգամ գերազանցում է արտահանումը, իսկ արտահանման գերակշիռ մասը հանքահումքն է: Նոր ծնված երեխայի վրա 1500 դոլար պարտք է գալիս: Թոշակառուների թիվը հավասարվել է աշխատողների թվին: Այսինքն, յոուրաքանչյուր աշխատող պարտավոր է պահել իրեն, իր ընտանիքը եւ մեկ թոշակառուի»:

Արամ Մանուկյանի խոսքով, իշխանություններին տնտեսական կոլապսից իրականում փրկում են միայն դրամական փոխանցումները: «Բոլոր ձեր փող հավաքելու միջոցները անարդարացի են, ձեր փողասեր բնույթը չի կարողանալու տնտեսական զարգացում ապահովել», ամփոփեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Նորայր Ասլանյան. Ոչինչ չեմ խնայում, որպեսզի ազգանունս ամբողջովին փոխվի’
Հաջորդ հոդվածը‘Կոնսերվատորիայի ռեկտորը վախեցավ եւ հրաժարվեց ողջույնի խոսքից’