‘Արամ Մանուկյան. Իշխանությունների այս քայլը ապացուցում է, որ իրենք պատրաստ չեն արդար ընտրությունների ‘

843

Քիչ առաջ ԱԺ գլխավոր մուտքի մոտ հավաքված քաղաքացիների մոտ է դուրս եկել Հայ ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով հավաքվածներին ասել է, որ այս պահին գրանցվել են 46 պատգամավորներ: Այդ մասին հաղորդում է iLur.am-ի թղթակիցը: Մանուկյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ից չի գրանցվել անգամ նիստը վարող Էդուարդ Շարմազանովը: Մանուկյանը նշել է, որ իշխանությունների այս քայլը ապացուցում է, որ իրենք արդար ընտրությունների պատրաստ չեն, որ Սերժ Սարգսյանի` արդար ընտրությունների մասին հայտարարությունները սուտ են: Մանուկյանը ասել է նաեւ, որ այս քայլով իշխանությունները նպաստում են, որ այս նախաձեռնության հեղինակ քաղաքական ուժերը առաջիկա նախագահական ընտրություններում հանդես գան միասնական մոտեցումներով եւ պլատֆորմով, որը կարող է բերել նաեւ միասնական թեկնածուի առաջադրմանը:

 

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի համակարգող, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիներին» երեկ կոչ է արել այսօր ժամը 14-ին հավաքվել ԱԺ շենքի մոտ: Այս պահին արդեն ԱԺ շենքի մոտ են հավաքվել մի քանի հարյուր քաղաքացիներ:

Այսօր ժամը 12-ին, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ պետք է գումարվեր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀԿ-ականները հայտարարել էին, թե տապալելու են ԱԺ արտահերթ նիստը եւ քվորում չեն ապահովելու:

Ըստ կանոնակարգի՝ նիստը կարող է սկսվել, եթե առաջիկա 3 ժամում ապահովվի քվորում: Ժամը 15:00-ին լրանում է անհրաժեշտ 3 ժամը:

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. ՀՀԿ-ի կողմից Սահմանադրության նման բռնաբարությունը անընդունելի է’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. «Ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ» ‘