‘Արամ Մանուկյան. Կառավարությունը տնտեսական «չքաղաքականություն» է վարում’

674

Ազգային ժողովում 2014թ. պետբյուջեի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի շարք հարցադրումներ ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին:

«Հինգ տարվա ընթացքում ձեր կողմից շահութահարկը փոխվել է 42 անգամ, ստուգումների մասին օրենքը` 43, տուրքերի մասին օրենքը` 140 անգամ: Քաղաքականություն չեք վարում, սա չքաղաքականություն է»,- հայտարարեց Մանուկյանը և հարցրեց, թե համաձայն չէ՞, որ հարկային քաղաքականությունը ստաբիլիություն է սիրում։

Արամ Մանուկյանը հայտարարեց, թե Կառավարության մոտ երկրի առջեւ եղած մարտահրավերներին դիմագրավելու կամք չի տեսնում:

«60 տոկոս ներդրումների անկում ունենք, որը ազդելու է ձեր հարկահավաքության վրա: Միջավայրը միջավայր չի, որ գումար դրվի, և հարկ ստեղծվի։ Իրական մարտահրավերը արտադրողի, փոքր բիզնեսի, փողի, մարդկային ռեսուրսի դուրս գալն է երկրից։ Շրջանառությունները քչանում են, փոքր բիզնեսի 20% անկում ունենք, կոռուպցիայի ընկալման մակարդակը հինգ տարվա ընթացքում 52 տոկոսից աճել է մինչեւ 74%, որն ամենաբարձրն է մեր տարածաշրջանում։ Այս դեպքում ինչպե՞ս եք դինամիկ աճ ապահովելու հարկերի հավաքագրման ուղղությամբ», — հարցրեց Արամ Մանուկյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն ի պատասխան նշեց, թե հարկային դաշտում հաճախակի օրենսդրական փոփոխություններն, «ըստ էության, էական էլ չեն ու փոխարինվել են մեկ-երկու պարզեցնող բառերով»։ Ալավերդյանի խոսքով, այդ փոփոխությունները  հարկ վճարողների կյանքը վատացնելուն ուղղված փոփոխություններ չեն:

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա նա նշեց, թե ստվերի դեմ պայքարի արդյունքում ՓՄՁ-ների հետ կապված խնդիր է առաջացել, ինչի հետեւանքով 2014թ. բյուջեն բավական լարված է դարձել։

«Կան ռիսկեր, իհարկե կան, կյանքում չկա ոչ մի բան, որ ընդհանրապես ռիսկ չունենա: Մենք տասնյակ տարիներ չենք կարողացել, հիմա, փառք Աստծո, ստացվել է, համատեղ ուժերով արել ենք, եկել է՝ հասել որակապես մեկ աստիճան վերև գնալու պահը, ինչն էլ նոր մարտահրավերներ է մեր առաջ դնում»,-ասաց ՊԵԿ-ի փոխնախագահը։ 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Հեֆերնի հետ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյան. Էներգետիկ համակարգում խափանումներ միշտ էլ կարող են լինել’