‘Արամ Մանուկյան. Կոնգրեսի պատգամավորները շատ համարձակ պահել են շարժման պատիվը’

1202

Գարնանային նստաշրջանը զուգահեռվեց տոտալ կեղծիքներով անցկացված ընտրություններով, գաղջ մթնոլորտը տարածված էր և՛ հասարակության վրա, և՛ խորհրդարանի: iLur.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես ամփոփեց Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը:

«Այն ուղեկցվեց նաև սկանդալային սպանություններով՝ Պռոշյանի գյուղապետի սպանությունը, սպանությունները Գյումրիում, Սյունիքում և այլն, ուղեկցվեց վարչապետի ոչ պակաս աղմկահարույց գործունեությամբ, մեր աշխատանքները զուգահեռվել են նաև արտագաղթի արագացող տեմպերով, որը նույնպես իր ազդեցությունը թողեց մեր աշխատանքների վրա»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ բավականաչափ հետաքրքիր երևույթ էր նաև Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որը ցնցումներ բերեց խորհրդրանում, մեծացրեց լարվածությունը խորհրդարանական գործընթացների շուրջ:

Մարտի մեկի դեպքերը քննելու հանձնաժողովի ստեղծման տապալումը Արամ Մանուկյանը «Հանրապետական կուսակցության դիմակը պատռելու հերթական փորձ» անվանեց:

«Արդյունքում՝ Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ երբեք գործընկեր չի կարող լինել, երբեք նրան չես կարող որպես պարտնյոր դիտարկել, որի հետ կարելի է ինչ-որ բան քննարկել, դիտարկել: Ինքը միշտ քցելու ունակ է, և դա անում է շատ հեշտությամբ՝ առանց որևէ ամոթ զգալու»,- նշեց Մանուկյանը:

Նա այս ամբողջ բացասական ֆոնի վրա երկու դրական բան նշեց: Առաջին՝ Հայ ազգային կոնգրեսն ամբողջ թափով շատ ակտիվ գործունեություն է իրականացրել վերջին չորս ամսվա ընթացքում, բազմաթիվ ելույթներ ունեցել՝ բազմաթիվ բացահայտումներ անելով, քննարկումներ կազմակերպելով և «իշխանության երեսին խփելով այն ճշմարտությունները, կեղտոտ բացահայտումներն ու կեղծիքները, որոնցով սնվում ու ապրում է իշխանությունը: Մյուս դրական քայլն այն էր, որ ոչ իշխանական բլոկը կարողացավ բազմաթիվ քվեարկություններով, բազմաթիվ հարցերում ցույց տալ միասնական դիրքորոշում, և հաճախ այդ դիրքորոշումներն ու մոտեցումները արտահայտվել են նույնանման քվեարկությամբ, որը հասնում էր մինչև 50 ձայնի:

«Դա ես համարում եմ ոչ իշխանական ուժերի համատեղ աշխատելու բավականին հաջողված օրինակ, ինչն իր հերթին բավականին հարվածներ է հասցրել իշխանական կոալիցիային, երբեմն շփոթության մեջ գցել իշխանություններին: Հայ ազգային կոնգրեսը, զգալով ժողովրդի աջակցությունը և իր առաջ քաշած խնդիրների ճշմարտացիությունը, շատ համարձակ քննադատության է ենթարկել պառլամենտում գտնվող մաֆիոզներին, հանցավոր գործունեությամբ զբաղվողներին, իշխանության տարբեր ներկայացուցիչների, ու նաև հակահարված է տվել այն քննադատություններին, որոնցով երբեմն իշխանությունները փորձել են զսպել կամ ճնշել Կոնգրեսին: Այնպես որ՝ բոլոր առումներով Կոնգրեսի պատգամավորները շատ համարձակ պահել են արժանապատվությունը, շարժման պատիվը և այն մարդկանց ցանկությունները, որոնք փողոցում հետևում են մեր աշխատանքներին»,- ամփոփեց Մանուկյանը:

Խոսելով հետագա անելիքների մասին՝ նա տեղեկացրեց, որ ամառվա ընթացքում իրենք փորձելու են ուժեղացնել քաղաքական թիմը կուսակցության ներսում, տարածքային կառույցներում, զբաղվելու են «կուսակցական շինարարությամբ»: «Կփորձենք աշնանը ֆորմատը շարունակել, ձևեր գտնել՝ քաղաքական այլ ուժերի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու»,- հավելեց նա:

Նախորդ հոդվածը‘«Կասկադ» համալիրին հարակից տարածքում ամեն օր դադարեցվելու է երթևեկությունը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. Հայկական ակումբներն իմացան իրենց մրցակիցներին’