‘Արամ Մանուկյան. Հայաստանը մարդու իրավունքների բնագավառում սրընթաց վայրէջք է գրանցում’

1988

‘

Գյումրիում տեղի ունեցած դեպքը ընդամենը շարունակությունն է հասարակական, քաղաքական ակտիվիստների նկատմամբ պետականորեն կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք սկսվել են 2014 թ. նոյեմբերից: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով վերջերս Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած դանակահարության դեպքին:

«Որքան էլ որ միջազգային կառույցները արձագանքում են Հայաստանում մարդու իրավունքների մասով լուրջ խնդիրների առկայության մասին, այնուամենայնիվ, երեք օր առաջ իշխանությունները կրկին ապացուցեցին, որ «նվիրված» են իրենց գործելաոճին` ժողովրդի, ակտիվիստների հետ ոչ թե լեզվով, փաստարկներով, այլ ուղղակի բռունցքներով եւ հանցագործների միջոցով խոսելուն»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ սա առաջին դեպքն էր, երբ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցավ դանակահարություն: «Անհրաժեշտ է, որ մարդու իրավունքների նման խախտումների դեմ պայքար տարվի»,- ասաց նա:

Արամ Մանուկյանը հայտնեց նաեւ, որ ՄԱԿ-ը Հայաստանից մարդու իրավունքների վերաբերյալ պարբերաբար տվյալներ է ուզում, սակայն ՀՀ իշխանությունները չեն տրամադրում այդ տվյալները: «Ես այս հարցով դիմել եմ  արտգործնախարարություն եւ կառավարություն: Ի պատասխան` երկու անգամ ինձ իշխանությունները հայտնել են, որ  իրենք ոչ մի տեղեկանք չեն ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին` առ այն, թե ինչ վիճակում են մարդու իրավունքները Հայաստանում»,- ընդգծեց Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` ՄԱԿ-ի տարեկան գլխավոր զեկույցում մարդու իրավունքների մասով Հայաստանը հայտնվել է Նիգերիայի, Լիբիայի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Իրաքի եւ այլ երկրներ շարքում: «Այսինքն` աշխարհի շուրջ 200 երկրներից ՄԱԿ-ի տարեկան զեկույցի մեջ «պատիվ» են ունեցել ընդգրկվել շուրջ 20 երկրներ, որտեղ մարդու իրավունքների խնդիրը ամենավատն է: Այդ երկրների շարքում «պատիվ» է ունեցել ընդգրկվելու նաեւ Հայաստանը: Այստեղ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ այդ զեկույցը, որտեղ նշվում է, որ ՄԱԿ-ը  խիստ անհանգստացած է Հայասատանի ընդդիմադիր, քաղաքական եւ հասարակական ակտիվիստների նկատմամբ կատարվող բռնությունների ալիքի մեծացումից, տպվել է մի քանի օր առաջ: Իսկ այս զեկույցի հրապարակումից անմիջապես հետո՝ ընդամենը մեկ օր հետո, տեղի է ունեցել Գյումրիի դեպքը»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ սա անհանգստանալու խիստ առիթ է տալիս:

Նա հիշեցրեց նաեւ, որ ավելի վաղ խորհրդարանում ներկայացվել են «Freedom house»-ի զեկույցի տվյալները, որոնց համաձայն՝ 167 երկրների շարքում Հայաստանը մարդու իրավունքների մակարդակով գրավում է 114-րդ տեղը: «Ասեմ, որ մեր կողքին են գտնվում Հայիթին, Իրաքը, Մարոկկոն եւ այլ նման երկրներ: Ընդամենը երկու կետ է պակասում, որպեսզի Հայաստանը «Freedom house»-ի գնահատականների եւս դասվի ավտորիտար երկրների շարքին, իսկ իշխանությունները համառորեն անում են ամեն ինչ, որ Հայաստանը հայտնվի այդ շարքում: Ավելին` սրանք դեկտեմբեր ամսվա տվյալներն են: Հասարակական եւ քաղաքական ակտիվիստների նկատամամբ բռնությունների կիրառման վերջին շարքից հետո ես վստահաբար կարող եմ պնդել, որ Հայաստանը արդեն իսկ հայտնվել է ավտորիտար երկրների շարքում, իսկ նման երկրներում մարդու իրավունքները գտնվում են անմխիթար վիճակում»,- հայտնեց Արամ Մանուկյանը: Դիմելով Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպություններին, իրավապաշտպան միջազգային կառույցներին` Կոնգրեսի փոխնախագահը կոչ արենց ավելի զգոն լինել եւ ավելի լուրջ աշխատանք տանել մարդու իրավունքների բնագավառում, քանի որ նրանց գործը շուտով ավելի է շատանալու:

«Բոլոր դեպքերում՝ մեր երկրի խնդիրն է զբաղվել դրանով: Մենք հիմա ունենք լավ իրավապաշտպան կազմակերպություններ, անհատներ, որոնք համարձակ, իրաշալի գործում են այս դաշտում: Մասնավորապես՝ ես ուզում եմ հիշատակել Վարդան Հարությունյանին, Միքայել Դանիելյանին, Ժաննա Ալեքսանյանին, Վահե Գրիգորյանին եւ այլոց, ովքեր լուրջ ներդրում ունեն այս գործում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ նաեւ նշել, որ Վարդան Հարությունյանի հեղինակած գիրքը` «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում», հրաշալի դասագիրք է: Առաջին անգամ է, երբ Հայաստանում նման դասագիրք է տպվում, որը ներկայացնում է Սովետական Հայաստանի ժամանակաշրջանում բոլոր այլախոհերի, պատմությունը, նրանց գործունեությունը եւ այլն: Վարդան Հարությունյանը այս առումով հրաշալի գործ է արել»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա հավելեց նաեւ, որ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը միայն իրավապաշտպան հասարակական կազամերպությունների խնդիրը չէ: Սրան պետք է լծվեն թե´ քաղաքական ուժերը, թե´ քաղաքացիական խմբերը, թե´ ՀԿ-ները: «Եթե որեւէ մեկին ծեծում կամ դանակահարում են, չի նշանակում, որ դա անում են հենց այդ կառույցի անդամի նկատմամբ: Դա ոտնձգություն է Հայասատանի քաղաքացու նկատմամբ: Ինչքան թույլ տանք, այնքան իշխանությունները կգնան դրան: Իսկ որքան թույլ չտանք, այնքան կարող ենք կասեցնել այդ գործընթացը: Սրա համար պետք է համաժողովրդական պայքար»,- նշեց Արամ Մանուկյանը` ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունների անհաջողությունները մրցում են երեք բնագավառներում` տնտեսական, արտաքին քաղաքական եւ մարդու իրավունքների պաշտպանության: «Այս դեպքում հարց է առաջանում, ինչքա՞ն կարող է Հայաստանը դիմանալ այս արագընթաց վայրէջքին»,- ասաց Կոնգրեսի փոխնախագահը:

‘

Նախորդ հոդվածը‘Սեւակ Արամազդ. Ձեռքի դողը․ մի մոլորութեան ախտաբանութիւն’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումները’