‘
Ոչ իշխանական երեք քաղաքական ուժերն իրենց ողջ ռեսուրսներով գնում են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, իսկ Դաշնակցության հետ «կամուրջները չեն այրվել», «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ գալիք մարզային հանդիպումները եւ համապետական հանրահավաքը պրոցեսի սկիզբն են, որի թափը ցույց կտա շարունակության ձեւը, արագությունը, դրսեւորումները:
«Մենք կմշակենք բոլոր սցենարները, թե որ դեպքում ինչ է անելու Քառյակը՝ կախված այն բանից, թե որքան մարդ կլինի հրապարակում: Մեր քայլերը համարժեք կլինեն հանրահավաքի մասնակիցների տրամադրություններին ու քանակին: Այսօր հիմնական խաղացողը ժողովուրդն է», — ասել է Մանուկյանը:
Նա նշել է, որ Հայ ազգային կոնգրեսը ավելի արագ իշխանափոխության խնդիր է դնում:
«Բայց ամենակարեւորը՝ որքան էլ որ կան տարբերություններ Կոնգրեսի, ԲՀԿ եւ Ժառանգության պատկերացումների միջև, դրանք ժամանակի ընթացքում գնալով մոտենում են իրար: Բոլորն ավելի շատ զգում են իշխանափոխոխության անհրաժեշտությունը», — ասել է Կոնգրեսի փոխնախագահը:
Արամ Մանուկյանը նաեւ տեղեկացրել է, որ, թեեւ ՀՅԴ-ը հրաժարվել է Քառյակի ձեւաչափում մասնակցել մարզային հանդիպումներին եւ հանրահավաքին, բայց պայմանավորվածություն կա «չայրել կամուրջները» եւ շարունակել համատեղ աշխատանքն այն դաշտերում, որոնք հնարավոր են:
«Եթե մեր գործընկերները կարծում են, որ իրենց քայլերով (սահմանադրական փոփոխություններին նպաստելով-խմբ.) կարող են հասնել ինչ-որ բանի, դա իրենց իրավունքն է», — նշել է Արամ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
‘