‘
Իշխանությունները փորձում են սպանել քաղաքացուն: Այսօր գլխավոր դատախազության առաջ ուրբաթօրյա ակցիայի ժամանակ այս մասին ասել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մարդը ֆիզիկապես կա, բայց քաղաքացին, պայքարողը քչանում է: Եվ իշխանությունը պահելու իրենց միակ ճանապարհը դա է: Հունվար ամսին ինքնաթիռով արդեն 8000 մարդ Հայաստանը լքել է: Անցած տարի հունվարին լքել էր 6000 մարդ: Ցամաքով գնում է դրանից ավելի շատ: 43 տոկոսը օդայինն է, 57 տոկոսը՝ ցամաքայինը: Դրանից ավելի շատ ցամաքով Հայաստանը լքել են: 25 տոկսով ավելի, քան անցած տարի: Այսինքն, այս տեմպերով շարունակվելու դեպքում, իսկ ընտրության այս մասխարայությունից հետո ավելի բարձր տոկոս կլինի, Հայաստանն այս հաշվարկներով կարող է 75-80 հազար մարդ լքել այս տարի: Գնում են բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն: Գնում են ոչ թե սոցիալական պատճառով, գնում են անապահով լինելու պատճառով: Անգամ հարուստները, բիզնեսի տերերը վախենում են, որ մի օր իրենց սեփականությունը, իրենք երեխաներին, իրենց կանանց, իրենց ունեցվածքը կարող են տանել»,- հայտարարել է Մանուկյանը:
Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հետ: Նրա խոսքով՝ Տիգրանն իրեն լավ է զգում, ներքին խնդիրներ կային, որոնք կարգավորվել են: Տիգրան Առաքելյանը ողջունել ու շնորհակալություն է հայտնել դատախազության առաջ հավաքված քաղաքացիներին:
«Տիգրանը քվեարկելու է Սերժի անվավերի օգտին, ասաց, որ միանում է այն երիտասարդական նախաձեռնություններին, որոնք Սերժի անվավերությունն են քվեարկելու: Նաև կոչ էր անում միանալ Հայ ազգային կոնգրես կուսակցությանը: Ամբողջությամբ տեղեկացված էր և խնդրում էր իր բոլոր երիտասարդ ընկերներին, համախոհներին՝ ընդառաջ գնալ այն նախաձեռնությանը, որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր կայանում է, այն է՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությանը»,- նշել է նա:
‘