‘
Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի գործունեության զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով իր խոսքը սկսեց հարց ուղղելով Գալուստ Սահակյանին. «Ուզում եմ հարցնել նախագահողին՝ ո՞ւմ համար ենք խոսում, եթե Մարդու իրավունքների պաշտպանը դահլիճում չէ»: Ի պատասխան Սահակյանը արձագանքեց. «դիտողությունը ճիշտ է, շուտով կլինի, դա էլ վերաբերմունք է, կգա, կպարզաբանի երևի»:
Մինչ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կժամաներ ԱԺ, Մանուկյանը սկսեց ելույթը:
«Ելույթս վերնագրել եմ՝ «Մարդու իրավունքների պաշտպանը իրավունքների պաշտպանության կարիք ունի»: Բնականաբար, բոլորիս համար ակնհայտ է, որ չի կարող երկրում լինել մի բնագավառ, որը շատ լավ է, երբ շրջապատիդ բոլոր մյուս բնագավառները գտնվում են վատ վիճակում , և սրան պետք է ըմբռնումով մոտենալ: Չի կարող ՄԻՊ-ը համակարգին դեմ լինել, կամ մի ամբողջ համակարգ կարգի բերել: Ուղղակի, կուզեի նշել մի քանի դրական բան:
Աշխատանքը կատարված է շատ բծախնդիր, մի քանի բաժիններ կային, որոնք մասնագիտորեն շատ լավ էին ներկայացված: Բայց կա մի կարևոր բայց. հիմնական առումով, ինչի համար պետք է աշխատի ՄԻՊ-ը, այդ մասով ունենք լրջագույն պրոբլեմներ:
Մասնավորապես, մարտի մեկի խնդիրը շատ հպանցիկ է ներկայացված, այստեղ գրված է միայն, որ վեց տարում առաջընթաց չի արձանագրվել, մահացածների իրավահաջորդների իրավունքները բացահայտ խախտված են, և եզրակացություն է արվում, որ արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկվեն սեղմ ժամկետներում գործը ավարտին հասցնելու համար:
Սա ամենևին լուծում չէ: Այստեղ ժամկետը չէ խնդիրը, այլ՝ բացահայտումը, մինչդեռ այստեղ կա վտանգավոր բան, որ շատ արագ պետք է որոշում կայացվի տասի գործը փակելու համար: Մանավանդ, որ նախկին գլխավոր դատախազն ասում էր, թե մարտի մեկի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, ինչը անամոթ սուտ է, և ասում էր, թե, իհարկե, կան «չբացայահտված առանձին հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից հարուցված»: Սա էլ անամոթ սուտ է: Այս գործի բացահայտման հետաձգումը զոհերի ծնողների մի մասին ոչ միայն հիասթափեցրել է, այլև նրանցից մի քանիսը մահացել են, մի մասը արտագաղթել է: Մարտի մեկի դեպքը ՄԻՊ-ի զեկույցի մեխը ու առանցքը պետք է լիներ, որովհետև նման կարգի հանցագործություն, սպանդ վերջին տարիներին չի եղել: Սա քննություն է նաև ՄԻՊ-ի համար:
Հաջորդ խայտառակությունը մասսայական խախտումներն են: Բռնությամբ կատարված հանցագործությունների հետ կապված կոնվենցիան, որը իշխանությունները հանեցին, մեր խմբակցությունը ներկայացրեց նախագիծ, որը ևս հանվեց, սրանից մեծ մարդու իրավունքների կոպիտ խախտում իշխանության կողմից չկար: Հաջորդը՝ արտակարգ իրավիճակներում բանակի կիրառման մասին օրենքի նախագիծը: Ընդդիմության կողմից կրկին նախաձեռնություն եղավ, որը կրկին իշխանության կողմից մերժվեց և որը նորից մարդու իրավունքների խախտում է:
Մարդու իրավունքների խախտման հետ կապված մի քանի թիվ ներկայացնեմ.
2013-ին ՀՀ 943 քաղաքացի է դիմել ՄԻԵԴ, որից 285-ի գործը գտնվում է քննարկման փուլում, որից 46-ի գործով վճիռ է կայացվել, որից 45-ում, այսինքն՝ 98 տոկոսում Հայաստանի կառավարությունը պարտվել է, այսինքն, ֆիքսված են մարդու իրավունքների խախտումներ:
Այսինքն, Հայաստանում գոնե այսքան մասով ապացուցված է, որ Հայաստանի դատարաններն 98 տոկոսով անարդար վճիռներ են կայացվել:
Մեկ տվյալ էլ՝ մինչև ՄԻԵԴ վարույթ ընդունելը, ՀՀ կառավարությունը տասը դեպք կանխել է, վճիռը հետ է վերցրել՝ ինքը խոստովանելով, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, և պարտավորվել է կոմպենսացնել այդ ծախսերը: Ստացվում է, որ ՄԻԵԴ գնացող գործերում համարյա 100 տոկոս արդյունքով ակնհայտ խախտումներ կան, որոնք իրականացվում են մեր դատարանների կողմից: Սա է այն լուրջ խնդիրը, որի արդյուքում ստացվել է արտագաղթ, և որի պատճառները, ոչ թե սոցիալական են, այլ այդ մոտիվացիան այսօր 2 անգամ նվազ է, քան մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը: Հայաստանից արտագաղթում են բազմաթիվ ոստիկաններ, պաշտոնյաններ, բիզնեսմեններ, որոնց հիմնական գնալու պատճառը անիրավչությունն է: Սա է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և սա չեմ ներկայացնում որպես ՄԻՊ-ին մեղադրանք, նա որքան կարողանում, անում է, մի քիչ վախենում էլ ես մի երկու դրական բան ասես, որ իշխանությունները չհարձակվեն նրա վրա:
Բայց իրականությունը կապ չունի ՄԻՊ համակարգի հետ, սա ավելի խորքային է: Այսինքն, թեպետ որոշ դրական բաներ կան, ծավալուն աշխատանք է կատավել, բայց, այնուամենայնիվ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում անմխիթար վիճակում է և այն քաղաքական ենթատեքստ ունի ու կախված է իշխանությունների վարած քաղաքականությունից»:
‘