‘Արամ Մանուկյան. Մեր կրթական համակարգը գտնվում է քաղաքական «պռեսի» տակ (տեսանյութ)’

4094

«Կրթված և ազատ մտածող մարդիկ իրոք կարող են ձևավորել լիբերալ հասարակություն», — այսօր ասաց Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ղեկավար Փիթեր Անդրեաս Բոհմանը «Կրթական բարեփոխումները Հայաստանում. քաղաքականության մշակման և հասարակական կարիքների հատումները» թեմայով քննարկման ժամանակ:

Քննարկումը կազմակերպել են Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը և Հայ ազգային կոնգրեսը:

Փիթեր Անդրեաս Բոհմանի խոսքով, իրենք աջակցում են այս կոնֆերանսին, որպեսզի միմյանց հետ փոխանակեն կարծիքներ և փորձ:  

«Կոնֆերանսի նպատակն է նպաստել առավել բարեկեցիկ Հայաստանի ապահովմանը, ավելի լավ պայմանների ապահովմանը Հայաստանի քաղաքացիների համար», — ասաց Բոհմանը:

Քննարկման բանախոսներն էին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջագային համագործակցության և Սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, «Էրազմուս» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, Վրաստանի նոր տնտեսագիտական դպրոցի նախագահ Պաատա Շեշելիձեն, Վրաստանի նոր տնտեսագիտական դպրոցի փոխնախագահ Գիա Ջանդիերին, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի համակարգող Սամվել Կարաբեկյանը: 

Ըստ Արկադի Պապոյանի՝ կրթության ոլորտում առկա են բավականին շատ խնդիրներ, որոնք հարկ է լուծել շատ կարճ ժամանակահատվածում:

«Ինչու՝ շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև արդյունքները պետք է լինեն շոշափելի, և յուրաքանչյուր խնդրի համար ունենանք լուծված արդյունք», — ասաց Արկադի Պապոյանը:

Իսկ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ շատ կարճ կներկայացնի այն ցավալի վիճակը, որում մենք գտնվում ենք, և որից փախչել հնարավոր չէ:

«Մեր կրթական համակարգը գտնվում է քաղաքական «պռեսի» տակ, սա է իրականությունը: Կա՞ որևէ բուհ, որն ԱԺ նախագահի կամ վարչապետի նախագահության տակ չէ, ո՞վ է տեսել այսպիսի բան: Ինչու՞ պիտի, ասենք, Սերժ Սարգսյանը կամ կրթության նախարարը, կա՛մ ԱԺ նախագահը լինի, ասենք, Պոլիտեխնիկի կամ Գյուղինստիտուտի խորհրդի նախագահը, ինչի՞ համար», — ասաց Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Հայաստանում կոռուպցիա չկա’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Ման. Յունայթեդ» — «Քրիսթալ Փելաս»՝ 4:0. «կարմիր սատանաներ»-ը կրկին հաղթում է, այլ արդյունքներ (տեսանյութ)’