‘Արամ Մանուկյան. Միակ փրկությունը միասնական ծրագրով ընտրություններին մասնակցելն է’

1170

Վերջին մեկ ամիսը շատ ակտիվ ու արդյունավետ խորհրդակցություններ են տեղի ունենում Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Դաշնակցության» և «Ժառանգության» միջև: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Սա է միակ փրկությունը, լուծումը՝ որ այս քաղաքական ուժերը միասնական բլոկով, միասնական ծրագրով կարողանան մասնակցել նախագահական ընտրություններին: Եթե ոչ, արտագաղթի տեմպերն ավելանալու են: Մենք կարողացանք ապացուցել, որ նշածս չորս քաղաքական ուժերը միասնական պատրաստ են Ընտրական օրենսգիրք բարելավել, պատրաստ են մենաշնորհների դեմ պայքարել, պատրաստ են պայքարել, որ արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիություն ունեցող հայերը մասնակցեն ընտրություններին, պատրաստ են հակասահմանադրական կոչել, հայտարարել այն հոդվածները, որոնք արգելակում են փոքրամասնության՝ նիստ անցկացնելու իրավունքը»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ մի քանի նմանատիպ ակցիաներով իրենք խորհրդարանում ստեղծել են այն խումբը, ներդաշնակ աշխատանքի միջավայրը, որը շատ նեղ վիճակում է գցել Հանրապետականին:

«Մենաշնորհներին անվանում են գերիշխող վիճակ, և իրենք ոչ թե պայքարում են դրա դեմ, այլ այդ գերիշխող մարդկանց կողմից չարաշահումների դեմ: Սա նրանց ձևակերպումն է: 98 տոկոս ապրանքի՝ մեկ հոգու ներկրելը կոչվում է գերիշխող դիրք տնտեսության մեջ: Մենք իրենց իսկ միջոցով, իրենց քվեարկությամբ ապացուցել ենք իրենց իսկ ժողովրդավար չլինելը»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Մանուկյանն ասաց, որ իրենք այսօր փորձում ենք քաղաքական դաշտում ստեղծել այն միասնության դաշտը, այն հիմքը, որի հիման վրա քաղաքական ուժերը կարող են համաձայնության գալ ու այդ ծրագրով շարունակել: Պատգամավորի համոզմամբ՝ երբ այս դժվար գործը հաղթահարեն, միասնական օրակարգ ձևավորեն, երկորդ քայլը որոշակիորեն հեշտանալու է:

«Եթե Սերժ Սարգսյանից ազատվելու ծրագիրը կարողանանք հաստատել, դա հիմք կլինի հաջորդը ասելու՝ ով կկարողա այս ծրագիրը իրականացնել: Հարկավոր է առաջին քայլը հաղթահարել»:

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոյի թեկնածությունն առաջադրվել է Ուկրաինայում 2015 թ. նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘«Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն’