‘
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով «Որոտանի» խնդրին՝ հարց ուղղեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին:
«Իմ ձեռքում է կառավարության անդամներից մեկի եզրակացությունը, որտեղ նշված է, որ այդ գործարքը սխալ էր, մեջբերում եմ. «Պետական համապատասխան մարմինների սխալի հետեւանքով չկա գրանցված պայմանագիրը, որով ՀՀ-ն իրավունք չուներ վաճառել 2014 թվականի հունվարի 29-ին կնքված պայմանագրում նշված գույքը, որը անօտարելի սեփականության իրավունքով պատկանում է պետությանը», ինչը երեք տարի շարունակ նշել եմ: Հարց, ո՞ւր է հասել «Որոտանի» վաճառքի գործընթացը՝ ելնելով նաեւ այն փաստից, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում այդ գործարքը կայանալու է: Նաեւ, ճի՞շտ է արդյոք, որ կառավարությունը «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի մի մասը հանձնել է որպես պարտք «Որոտան» ՀԷԿ-ին:
Ի պատասխան՝ Զախարյանը հայտարարեց, թե ««Որոտանի» հարցը հասել է վերջնական փուլին, երկար քննարկումներից հետո ՀՀ կառավարության եւ ընկերության միջեւ հանվել են բոլոր խոչընդոտող հարցերը, եւ վերջնական տարբերակը գտնվում է ամերիկական կողմի մոտ՝ ստորագրության համար»: «Մեր տեղեկություններով՝ այդ պայմանագրին մոտ օրերս վերջնական համաձայնություն կտրվի, եւ կներկայանան Հայաստան ստորագրելու: Ինչ վերաբերում է բաժնեմասին, դուք գիտեք, վաճառվում է «Որոտան» ընկերության գույքը, ոչ թե ընկերությունը, իսկ այդ բաժնետոմսերի հետ կապված նման գործառույթներ ընդհանրապես չկան»,- հայտարարեց Զախարյանը:
Արամ Մանուկյանը նաեւ ճշտող հարց տվեց. «Այն ստրատեգիական օբյեկտները՝ ջրամբարները, որոնց մասին խոսել ենք, այս գործարքի մաս կազմո՞ւմ են»: «Այո, տրված են կառուցապատման նպատակով»,- հայտարարեց Զախարյանը: «Պարզ է, նոր ձեւ եք գտել խախտումը օրինականացնելու համար»,- ի պատասխան՝ նշեց Մանուկյանը:
‘