‘
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանն այն մասին, որ անցյալ տարի կառավարության գաղտնի որոշմամբ՝ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որով բանակցություններ են ընթացել Մաքսային միությանը անդամակցելու ուղղությամբ, հայտարարեց, որ այսպիսով հաստատվեց խորհրդարանում իր այն հայտարարությունը, թե այս իշխանությունն ամբողջությամբ գաղտնի գործունեություն է ծավալել, իր որոշումները գաղտնի է պահել և՛ սեփական հասարակությունից, և՛ քաղաքական ուժերից, այդ թվում՝ նաև սեփական քաղաքական ուժից: «Ես ձեզ հավատացնում եմ, հարյուր տոկոսով տեր եմ իմ ասածներին, Հանրապետական կուսակցությունը այս գործընթացներից տեղյակ չէ մինչև հիմա»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:
Մանուկյանը տարակուսանք հայտնեց, թե Հայաստանը, լինելով փոքր երկիր՝ ինչպե՞ս կարող էր գաղտնի, սեպարատ, իրար հակասող բանակցություններ վարել երկու լուրջ միավորների հետ: «Փաստորեն՝ չորս տարի Սերժ Սարգսյանը բանակցել է եվրոպացիների հետ, գումար է ծախսել, պատվիրակություններ են գնացել, և գաղտնի՝ նույն բանակցությունները վարել է նաև Ռուսաստանի հետ: Ո՞ր իրավունքով: Յուրաքանչյուր երկրի ղեկավար հնարավորություն ունի այդ խնդիրները իր թիմի, իր կուսակցության, իր խմբակցության, իր խորհրդարանի, իր կառավարության, իր հասարակության հետ քննարկելու: Ո՞վ է Սերժ Սարգսյանին իրավունք տվել գաղտնի, իրար հակասող բանակցություններ վարել երկու միավորների հետ: Հայաստանը այն երկիրը չէ, որ այսպիսի դիվանագիտություն վարի և վերջում ասի՝ «լավ եմ արել»: Սա դիվանագիտական սկանդալ է, երբ Տիգրան Սարգսյանը, որն ասում էր, թե Մաքսայինը անկախության ու սուվերենության կորուստ է, այսօր հրամանագիր է ստորագրում գաղտնի բանակցություններ վարելու վերաբերյալ»,-նշեց Մանուկյանը:
Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում կորցրել է լուրջ գործընկերոջ իմիջը: «Երկրի «քցող» ղեկավարից, «քցող» դիվանագետից ո՞վ լուրջ բան կակնկալի: Ղարաբաղում մեր հաջողության բանալին եղել է այն, որ մենք միշտ բաց քաղաքականություն ենք վարել Իրանի, Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների հետ: Սա ընդամենը խելոք դիվանագիտության արդյունք է, փոքր ազգերն իրավունք չունեն խելոք չլինելու, առավելևս՝ իրավունք չունեն խաբեբա լինելու, մեր երկրի ղեկավարությունը այսօր խաբեբայի քաղաքականություն է վարում, իր գեղջկական խորամանկությամբ փորձում է խաբել Ռուսաստանի, ԱՄՆ-ի նման հզոր երկրներին, ԵՄ-ի նման հզոր կառույցին: Չի՛ կարելի, խելոք երկիրը իր շահերը պետք է համադրի մեծ երկրների շահերի հետ: Ղարաբաղյան ազատամարտը մենք այս քաղաքականության շնորհիվ ենք շահել»,- ամփոփեց Արամ Մանուկյանը:
‘