‘Արամ Մանուկյան. Ուզում եմ, որ հայը ապրի Հայաստանում ‘

1264

«Մեկ շաբաթ առաջ քառյակը հատուկ հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի հարցով եւ սա մեզ համար խիստ կարեւոր խնդիր է: 12 կետի մեջ չենք ընդգրկել այն, այլ առանձին ենք անդրադարձել այդ խնդրին` կարեւորելով այն, դրա մասսայականությունը, դրա ուժգնությունը: Խնդիրը այնքանով է մասսայական ու վտանգավոր, որ բերելու է շղթայական ռեակցիայի` բոլոր ապրանքների թանկացման: Եթե անգամ սպառողը խնայի հոսանքը, մեկ է`մյուս ապրանքները թանկանալու են»,- այդ մասին քիչ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ երեկ քառյակով որոշում են կայացրել մասնակցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստին, ներկայացնել իրենց մոտեցումները. իրենք առաջարկել էին, որ քանի դեռ կան մասնագիտական, տնտեսական, ֆինանսական հարցեր, հանձաժողովը պետք է պարզաբանումներ ստանալու համար ժամանակ տա եւ թանկացման  հարցը չդներ քվեարկության:

«Մենք գնացինք այսօր այդ որոշումը պաշտպանելու, առաջարկելու կառավարությանը այլընտրանք գտնել եւ չթանկացնել, որովհետեւ բոլորն են ընդունում թանկացումների վտանգավորությունը, անգամ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց այդ մասին»,- նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ ընկերություններն թանկացումները հիմնավորում են, իբր, ֆինանսական ճեղքվածքներով` Մանուկյանը նշեց, որ ինքը չի հավատում, որ կան նման ճեղքվածքներ, եւ զարմանք հայտնեց ՀԾԿՀ անդամների պահվածքի կապակցությամբ: «Եղբայր, եթե քեզ հայտ են ներկայացնում թանկացման համար, բա դու իր ներդումները, կորուստների բարձր տոկոսը, ոչ բաց աշխատելը, ծախսերը չե՞ս նայում: Ռոբերտ Նազարյանն ասում է` ի՞նչ եք ուզում ինձանից, ձեր թիրախն ուրիշ տեղ է, էկոնոմիկայի նախարարին ասեք, ֆինանսների նախարարին ասեք, վարչապետին, էներգետիկայի նախարարին: Իմ ելույթում ասացի, որ եթե հիմա դուք թանկացնում եք հոսանքը, ձեզ եք նաեւ վնասում, որովհետեւ սպառումն է քչանալու, թանկացումից հետո, ինչպես եղավ գազի դեպքում, մոտավորապես 5 տոկոս»,- նշեց Մանուկյանը` պատահական չհամարելով այն, որ հանձնաժողովի անդամները թանկացման օգտին միաձայն կողմ էին քվեարկել գլուխները կախած:

 Երկրում տիրող ընդհանուր իրավիճակի մասին Մանուկյանը նշեց, որ այս  իշխանություններին զսպողը միայն ժողովուրդն է լինելու, եւ որ քաղաքական ուժերը ոչինչ չեն կարող անել առանց ժողովրդի:

«Մենք կուզենայինք, որ այս իշխանությունը խելքի գար, հասկանար, որ Հայաստանին պետք է արագ համապետական ընտրություններ անցկացնել, եւ այդ դեպքում, երբ իշխանությունն ինքն է դա անում, նորմալ է դիտվելու հասարակության կողմից: Մեզ այսօր ընտրություններ են պետք»,- նշեց Մանուկյանը` հավելելով, որ քառյակը տրամադրված է, բայց որպեսզի արդյունքը արագ լինի, պետք է միավորվեն բոլորը` ոչ միայն հոսանքի չթանկացման համար, այլեւ դրա պատճառները վերացնելու համար: «Ես ուզում եմ, որ հայը ապրի Հայաստանում, ուրիշ ոչինչ»,- հավելեց Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘Անխել դի Մարիայի գոլը դարձավ Աշխարհի առաջնություններում ամենաուշ խփած գոլը’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնա. Այն ինչ արեց Մատյուդին, Սուարեսի արարքից շատ ավելի վատն է ‘