‘
Ընդդիմադիր քառյակի համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով ներկայացրեց թվեր, որոնք առաջին անգամ են հրապարակվում: Նա նշեց, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության համաձայն, աշխարհի 45 երկրներում Հայաստանից միգրանտների թիվը 2014 թ.-ի դրությամբ կազմել է 770 հազար: «Սրանք այն մարդիկ են, որոնք դեռեւս ՀՀ քաղաքացի են, բայց պաշտոնապես դիմել են այլ երկրներին՝ կեցության կարգավիճակ ստանալու համար: Այստեղ չեն մտնում ապօրինի միգրանտները, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն: Ավելին, 400 հազար մարդ այս տարի քաղաքացիություն է ստացել այլ երկրներում: Կտրուկ կրճատվել են ամուսնությունները, ավելացել` ապահարզանները: 24 տարվա ընթացքում բնական աճը կազմել է ընդամենը 1.1 մլն մարդ: Մինչդեռ հարևան Թուրքիայում և Իրանում միայն անցած տարի ավելի քան միլիոն մարդ է ծնվել: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում մեր հարեւան երկրներում ծնվում է այնքան մարդ, ինչքան չկա Հայաստանում: Ավելին, Հայաստանի դպրոցների 30%-ում սովորում է 100-ից պակաս աշակերտ, գյուղերը սպառվում են, վերանում: Պաշտոնական տվյալներով՝ այսօրվա դրությամբ մեր երկրում մնացել է 350 հազար աշակերտ, իսկ 15 տարի առաջ եղել է 600 հազար: Հայաստանը ծերանում է, մահանում` իշխանությունների հիմար քաղաքականության պատճառով»,- հայտարարել է Մանուկյանը:
Նրա խոսքով, տեղի է ունեցել ներդրումների կտրուկ անկում. մեկ տարում այն կազմել է 62%. «Ոչ ոք չի ցանկանում կերակրել Սաշիկ Սարգսյանին: Այսպես չի կարելի շարունակվել, սա ողբերգություն է. հայը թողնում է իր երկիրը , դառնում գաղթական, քանի որ մի քանի անգրագետներ եկել եւ գրավել են մեր երկիրը: Այս շարժումը այդ մի քանի հոգուն իրենց տեղն է ուղարելու, մաքրելու է այս երկիրը: Մենք ժամանակ չունենք. Սերժ Սարգսյանը չարիք է այս երկրի գլխին, մենք կորցնում ենք մեր անվտանգությունը, մեր սուվերենությունը: Հարկավոր է անհապաղ իշխանափոխություն»:
‘