‘Արամ Մանուկյան. Սա հարկահավաքի, ոչ թե ռազմավարության կամ քաղաքական բյուջե է (տեսանյութ)’

1736

ԱԺ-ում շարունակվում են 2015-ի բյուջեի նախագծի քննարկումները: Ստորև ներկայացնում ենք եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթը:

«Մի քանի օրինակներ բերեմ, որից հետո փորձեմ ամփոփել:

Պահուստային ֆոնդին բացարձակ չենք անդրադառնում, ոչ մի քննարկումներում համարյա չկա, մինչդեռ պահուստային ֆոնդը չի ծառայում իր նպատակներին և հաճախ ֆինանասավորում է այլ ծրագրեր: Մասնավորապես, հեռուստատեսության պարտքը: Երիտասարդական հիմնադրամին տրված 140 մլն դրամ գումարը՝ ուսանողների վարձերը փակելու համար: Հասարակական կառույցը, և այն էլ՝ կուսակցական կառույցը, իրավունք չունի այսպիսի գործունեությամբ զբաղվել՝ այն էլ 180 աշխատատեղ ունեցող հիմանդրամը:

Բյուջեում ակնհայտ երևում է աշխատակազմերի և նախարարների բարձր ֆինանսավորումը, այդ ֆինանսավորումը  երբեմն երկու տարվա ընթացքում դարձել է 200-230 տոկոս: Այսինքն՝ բյուրոկրատական համակարգի ֆինանսավորումը այստեղ բավականաչափ ճոխ է՝ ի տարբերություն մնացած՝ ավելի խեղճ վիճակում գտնվող ճյուղերի ֆինանսավորման: Քննչական կոմիտեի համար, քաղծառայողի համար տեղ է իջեցվել՝ շուրջ 1000 հոգի: Կրկին բյուրոկրատական համակարգի ուռճացման հստակ օրինակ:

Մի քանի տվյալներ՝ սահմանամերձ շրջանների հետ կապված: Այդ շրջանների մասով տրված խոստումները ամենևին չեն համապատասխանում հատկացումներին:

Սահմանամերձ գոտիների բոլոր ուսուցիչների նպաստները, վճարները 63 մլն դրամ են կազմում, մինչդեռ Արարատի մարզում միայն սննդի հատկացումների համար մեկ տարվա ընթացքում 330 մլն դրամ է հատկացված: Սահմանամերձի հետ կապված՝ մի ուրիշ թիվ նշեմ, էն որ մեծ- մեծ խոսում են, դա ընդամենը ճոռոմաբանություն է: Ամբողջ Հայաստանի սահմանամերձ գյուղերի շինարարության համար, օրինակ՝ դպրոցների մասով, տրված է ընդամենը 160 մլն դրամ, այն էլ՝ ընդամենը Սյունիքի երկու դպրոց վերանորոգելու համար: Սա ապացույց է, որ ասածները ամենևին արածներին չեն համապատասխանում:

Դասագրքերի առումով, օրինակ՝ Արարատն ու Արամվիրը գտնվում են առաջին տեղում՝ սոցիալապես անապահով խավերին օգնելու համար, մինչդեռ այդ ամենը պետք է ցրվեր ավելի շատ անապահով շրջաններով ու մարզերով:

Սևանի հետ կապված՝ բյուջեում բառ, կոպեկ չկա:

Ես հարց տվեցի բանկի կառավարիչին, և իմ հարցը սխալ էր հասկացվել: Ես հիմա պարզապես մի քիչ հստակեցնեմ: Իսկապես՝ գնաճը, սղաճը, ինֆլյացիան նույն բանն են: Տարբեր ժամանակներ տարբեր են դրանք հնչել, բայց իմաստային առումով սրանք բոլորը նույնն են: Իմ հարցը հետևյալն էր՝ այս բյուջեն ասենք թե 3, 5, 7 տոկոսով եթե աճ է տալիս, ապա դա մրցունա՞կ է գների, ապրանքների, ծառայությունների թանկացմանը և ինֆլյացիային: Պարզվում է, որ ոչ: Բերեմ մի քանի օրինակ՝ եթե հոսանքը, ասենք 40 տոկոսով է թանկանում, եթե նույնքան մոտավորապես գազն է թանկանում, բոլոր ապրանքները թանկանում են, ապա 3-4 տոկոս աճը ամենևին մրցունակության վիճակ չի բերում քաղաքացիների համար՝ էդ գների թանկացմանը դիմակայելու խնդրում:

Մի ուրիշ օրինակ: Էլեկտրական ցանցերի վերանորոգման, կորուստները քչացնելու և ընդհանրապես մոդեռնացնելու համար բավականաչափ գումարներ կան, ամեն տարի, բայց կորուստների տոկոսը մնում  է14 տոկոսի սահմաններում: Այսինքն , էստեղ է գողությունը, էստեղ է ստվերը: Էստեղ է, որ ապրանքների գնի աճը և ինֆլյացիան ավելի արագացված տեմպերով են գնում, քան ձեր ներկայացրած բյուջեի զարգացումները:

Էստեղ խոսվեց կրթության ռեֆորմների մասին: Դա անտեղյակություն է պարզապես: Կրթության հետ կապված՝ ընդամենը մի քանի թիվ.  մեր հանրակրթական դպրոցում 7 տարվա ընթացքում պակասել է 110 հազար աշակերտ, վեց հազար ուսուցիչ: Իսկ բուհերի մասին, որ ասվեց, թե ռեֆորմներ են կատարվում, ես ձեզ ասեմ էդ չակերտավոր ռեֆորմի արդյունքը՝ պետպատվերի հեռակայում 4500 տեղ չի լրացվել, հայտ չկա, մարդ չկա, ով ԲՈՒՀ ուզենա դիմի, ով գրում է, ով դիմում է՝ ընդունվում է: Մասնավոր բուհերին հատկացված 3500 պետական տեղ դատարկ են, չեն դիմում: Անցած տարիների համեմատ՝ շուրջ 10 հազար մարդ  բուհերում պակասել է: Պարզ չի՞, որ կոնկուրս չի լինի, բողոք չի լինի: Էս է մեր կրթական ռեֆորմի վիճակը:

Փորձեմ ամփոփել:

Ուրեմն, 6 ամիս առաջ ինչ-որ հույս առաջացավ, թե նոր վարչապետը փոփոխություններ կբերի: Ոչ մի առաջընթաց, ոչ մի ռեֆորմ, ոչ մի նոր բան չի եղել, և ստվերն է մնացել, խավարասեր բիզնեսմենները մնացել են խավարի տակ՝ ստվերում, և ոչ մի մեծ ստվեր խավարից լույս չի եկել:

Մեծագույն սխալ էր մաքսայինը հարկայինին միացնելը, այնուհետև մաքսայինը հարկայինին և ֆինանսների նախարարությանը միացնելը , սա ֆինանսների առումով սխալ է, իսկ առավել սխալ էր հանրության կողմից բիզնեսմեն ճանաչված նախարարին, այս երեք մեծ համակարգերը միասին խառնելով՝ տալը: Սա նոր կառավարության մեծագույն սխալներից մեկն եմ համարում:

Սա փող բերող բյուջե չէ: Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, այն պետք է գումարներ դնի այն տեղը, որը հետագայում գումար է բերելու: Դա կարող է լինել կրթական, դա կարող է լինել գիտական, դա կարող է լինել տուրիստական, դա կարող է լինել ցանկացած բնագավառ: Այս նախագծում այդպիսի փող բերող պրոյեկտներ բացարձակ չկան: Սա կարծես թե պատասրատված է հարկային տեսուչի հոգեբանությամբ. փող հավաքենք՝ ինչքան հնարավոր է, էսօրվա խնդիրը լուծենք, թե հինգ տարի հետո ո՞ր գործատուն, ո՞ր բնագավառը, բիզնեսի ո՞ր շերտը փող կբերի, բացարձակ հետաքրքիր չէ: Ռազմավարական մոտեցում բացարձակ չկա:

Ես համարում եմ, որ սա հարկահավաքի բյուջե է, ոչ թե ռազմավարության կամ քաղաքական բյուջե»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում հրադադարի խախտման հետաքննության գործուն մեխանիզմներ մշակել’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Մենք դեմք ենք այս ռեժիմին, դեմ ենք նրա կողմից ներկայացրած բյուջեին (տեսանյութ)’