‘
«Գազի հարցով հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակներն էին՝ գազի գնի ուսումնասիրությունը, 20 տոկոս Հայաստանի բաժնեմասի հանձնումը եւ 300 մլն դոլարի պարտքը»: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Սրանք էին հիմնական մեխերը, սակայն ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ իշխանությունները այդ 20 տոկոս բաժնեմասի հանձնումը համարում են օրինական, 300 մլն դոլարը պարտք չեն համարում եւ գազի սակագնի համար այսպես արդարացնում են ամեն ինչը: Սկզբում հույս կար, որ հանձնաժողովը կգնար բացահայտումների՝ մեղավորներ գտնելու, նաեւ միջոցներ կգտներ գազի գինը էժանացնելու համար: Հուսադրող բաներ կային, որ այս գործը առաջ կգնա, սակայն այդպես չեղավ:
Այդ փաստաթուղթը Վարդան Այվազյանի եւ Հանրապետական խմբակցության թուղթն է: Փաստաթուղթը քվեարկությամբ հանձնաժողովի միասնական թուղթ դարձնելու նպատակով նիստ, որպես այդպիսին, չի եղել:
Մենք 6 ամիս քննարկում էինք գազի գնի հարցը, եւ հանկարծ հոսանքի գինը 40 տոկոս ավելացավ: Դա, մոտավորապես, նշանակում է՝ գնա ինչ ուզում ես արա, պատռվի, ես իմ գործը անելու եմ, որովհետեւ գազի գնի անմիջապես ածանցյալը հոսանքի գինն է:
Այս ընթացքում տեղի ունեցավ նաեւ մի կարեւոր բան. ՕԵԿ-ը հայտարարեց, որ ընդդիմություն է, ինչի արդյունքում բալանսը փոխվում էր՝ հօգուտ ընդդիմության, սակայն իշխանությունները խորհրդարանում ամեն գնով երկու հանրապետական ավելացրին հանձնաժողովում, որ հանկարծ գործը քվեարկությանը չհասնի:
«Վարդան Այվազյանը բոլորից լավ գիտի, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել: Մենք ընդհանուր 15 նիստ ենք արել, իսկ իրենք առանց մեզ շաբաթ-կիրակի էլ էին հանդիպում, որպեսզի որոշեն, թե ինչպե՞ս են գրելու, ի՞նչ են անելու»,- նշեց Արամ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
‘