‘Արամ Մանուկյան. Տնտեսության «ռեկորդներով» չզբաղվելն առնվազն քաղաքական դասալքություն է’

1526

ԱԺ նիստում հայտարարությունների ժամին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անդրադարձավ Հայաստանի տնտեսության վերջին «ռեկորդներին»: 

«Ես արձանագրել եմ Հայաստանի տնտեսության վերջին ռեկորդները եւ ուզում եմ այն ներկայացնել ձեզ: Հայաստանը արդեն Հարավային Կովկասում երրորդ տեղում է գտնվում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի թվով, մի քանի տարի առաջ երկրորդն էր, Հայաստանը երրորդ «պատվավոր» տեղում է Հարավային Կովկասում տնտեսական աճի տվյալներով, երբ 2012թ. մենք գտնվում էինք երկրորդ հորիզոնականում: Հայաստանը իր վերջին 500 միլիոն դոլար պարտատոմսերով նոր ռեկորդ սահմանեց՝ մեր պետական պարտքը կազմեց 4.9 մլդ դոլար, որը մոտավորապես 52 տոկոս է: Այդպիսի թիվ մենք չենք ունեցել երբեւէ, եւ ես հանել եմ ամբողջ մեր պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2008թ. այս կողմ: 2008թ. պարտքը եղել է ՀՆԱ-ի 16 տոկոսը, 2009թ. դարձել է 39 տոկոս, 2011թ.՝ 41 տոկոս, 2013թ.՝ 44 տոկոս: Եվ այժմ մեր սեփականության համախառն ներքին արդյունքի կեսից ավելին համարվում է պետական պարտք: Պետական պարտքը այնքան վնասակար չէ, եթե նրա մարման մեխանիզմները կան, եթե նրա տնտեսությունը այնպիսի հնարավորություններ ունի, որով կարող է մարել այդ պարտքերը: Մեզնից ավելի շատ պարտքեր ունեցող երկրներ կան, բայց ունեն մեխանիզմներ, իմունիտետ՝ այդ խնդիրը լուծելու համար, մենք դա չունենք: Ես ձեզ ներկայացնում եմ ուրիշ ռեկորդներ Հայաստանի տնտեսությունում: 2015թ. մեր միջազգային պահուստները սկսել են նորից կրճատվել 90 միլիոն դոլարով՝ փետրվարին, եւ դարձել են 1.2 մլդ դոլար: Չորս ամսվա մեջ, ամիսը միջինը 100 միլիոն դոլարով մեր պահուստները պակասել են, եւ շարունակվում է այդ գործընթացը: Մեր մյուս ռեկորդը. 7-8 տարի առաջ Հայաստանի բյուջեից ընդամենը 1.5 տոկոսն էր սպասարկում արտաքին պարտքը, մեր արտաքին պարտքի սպասարկման համար այսուհետեւ կարիք կլինի բյուջեից հատկացնել 5.3 տոկոս: Սա, կրկնում եմ, մյուս ռեկորդն է, որ մենք երբեւէ չենք ունեցել: Նույն ռեկորդները սահմանվել են առեւտրաշրջանառության մեջ, ներմուծումների մեջ, գործազրկության թվի մեջ եւ այլն, եւ այլն: Հարգելի խորհրդարան, հարգելի հանրապետական կուսակցություն, սրանք փաստեր են, սրանք ձեր իշխանության փաստերն են եւ պետական վիճակագրության թվերն են: Կա երկու մոտեցում: Կամ դուք գիտեք սրանք, եթե չգիտեք՝ փաստեր եմ ձեզ ներկայացնում, զբաղվեք սրանով, եթե գիտեք ու չեք զբաղվում սրանով՝ ներող կլինեք՝ սա կործանում է, սա գահավիժում է: Եթե գիտեք ու ձեր քաղաքական թիմը չի զբաղվում սրանով, սա առնվազն քաղաքական դասալքություն է»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Ավիավթարը տեղի է ունեցել Ալպերի ամենաբարձր գագաթներից մեկի վրա (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Համակարգի արատավորությունը որեւէ կապ չունի Սահմանադրության հետ’