‘Արամ Մուղալյանի կյանքին վտանգ է սպառնում’

1366

Արդեն 6 օր հացադուլի և 2 օր ջրադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանի առողջական վիճակը վատ է, և բժիշկների հսկողության խիստ կարիք է զգացվում:

Արամի փաստաբան Վահե Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ Արամի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նա 48 ժամից ավելի ջրադուլի մեջ է:

«Եթե բժիշկներից հարցնեք՝ կհաստատեն, որ 3 օրն արդեն կյանքի համար վտանգավոր է, այսինքն` վաղը կրիտիկական վիճակ կսկսվի»,-ասում է Վ. Գաբրիելյանը:

Փաստաբանը կոչ է անում Արամ Մուղալյանի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ բացառվի նրա կյանքին սպառնացող վտանգը:

Օրեր առաջ կալանավայրից ծնողներին ուղարկած անգլերեն լեզվով նամակով Արամն ասել էր, որ «պատրաստ է թեկուզ արյան գնով հասնել արդարության»:

Հիշեցնենք, որ Արամն ու իր ընկերները` Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը, մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:

Ըստ մեղադրանքի`այս տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով տղաները հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող, վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հետո այրել են դեզի հարկերից մեկը, ինչի հետևանքով այրվել են նաև տարածքը հսկող շան մազերը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում:

Տղաներն իրենց մեղքը չեն ընդունում և արդար դատաքննության դեպքում վստահ են, որ կհասնեն արդարացման: Տուժող Սիաբանդ Խուդոյանը հերթական դատաքննություններից մեկի ժամանակ լրագրողներին ասաց, որ տղաների դեմ բողոք չունի և ցանկանում է, որ նրանք ազատության մեջ լինեն:

Նախորդ հոդվածը‘Ազգային ժողովը միաձայն ընդունեց համաներման օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին ներկայացրել է Գևորգ Կոստանյանին’