‘Արամ Սիմոնյան. Պարտադի՞ր ա, որ դա համապատասխանի ‘

7024

iLur.am-ը արդեն ներկայացրել էր բարձրագույն ուսումնական հաստատությունների համար 2012-ին լույս տեսած «Հայոց պատմություն» դասագրքից մի հատված, որտեղ ներկայացված են 2008 թվականի նախագահական ընտրություններն ու հետընտրական շրջանը, մասնավորապես՝ մարտիմեկյան սպանդը: Դասագրքում, ինչպես հայտնի է, իրադարձությունները ներկայացված էին հիմնականում առանց փաստերի, գերիշխող զգայական գնահատականներով, բացի այդ՝ հղում էր արվում ԵԽԽՎ 1609 բանաձեւի եւ 2008-ի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին, սակայն գրքում նշվածն ու բանաձեւի ու զեկույցների բովանդակությունները իրար հետ որեւէ առնչություն չունեն: Այդ մասին iLur.am-ը զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ` հետաքրքրվելու համար, թե արդյո՞ք հնարավոր է, որ նշված դասագիրքը ետ կանչվի:

Արամ Սիմոնյանի հետ iLur.am-ի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

 

-Պարոն Սիմոնյան, «Հայոց պատմության» այդ դասագիրքը հնարավո՞ր է, որ ետ կանչեք:

-Ինչո՞ւ ետ կանչվի:

-Որովհետեւ այնտեղ ակնհայտ կեղծված փաստեր կան` 2008 թվականի ընտրությունների եւ մարտի 1-ի հետ կապված:

-Ո՞վ ասեց:

-Փաստեր կան: Կարող ենք օրինակներ բերել:

-Դուք ունեք լրիվ իրավունք քննադատելու, քննարկելու: Ի՞նչ է նշանակում՝ ետ կանչել գիրքը, մարդիկ իրենց տեսակետը գրել են: Դուք եթե ունեք ինչ-որ բան ասելու, ասեցեք, գրախոսություն կա դրա համար: Դրա համար ձեւեր կան:

-Բայց պատմության դասագրքում, որեւէ իրադարաձություն ներկայացնելու համար, չէ՞ որ դրանք պետք է համակողմանիորեն ուսումնասիրվեն, առավելեւս, արխիվները բացված չեն: Ինչպե՞ս կարելի է նման դասագիրք տպագրել:

-Ձեր ասածը կոռեկտ չէ: Գրախոսության, քննադատության եւ այլ հնարավորություններ կան, բայց գիրք ետ կանչելը ո՞րն ա, էս հո 37 թիվը չէ:

Ինչպես որ դուք ձեր տեսակետը ունեք, մյուսներն էլ ունեն իրենցը:

-Պարոն Սիմոնյան, օրինակ` այնտեղ ակնհայտ կեղծված է ԵԽԽՎ 1906 բանաձեւի, ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների զեկույցների բովանդակությունը:

-Էդպիսի բաներ չկան՝ ակնհայտ կեղծված: Եւ ինձ մի դիմեք դրանով: Կա հեղինակային կոլեկտիվ, իրենց հետ խոսեք:

-Պարոն Սիմոնյան, այսինքն, դուք համաձա՞յն եք այդ բովանդակության հետ:

-Իհարկե, համաձայն եմ, ես էլ այնտեղ հեղինակային կոլեկտիվի անդամ եմ: Մի բաժինն էլ ինքս եմ գրել, ինքս:

-Պարոն Սիմոնյան, ինձ մոտ հիմա միջազգային կառույցների գնահատականներն են 2008-ի ընտրությունների վերաբերյալ, որոնք չեն համընկնում դասագրքում ներկայացվածի հետ:

-Ի՞նչ անենք, ի՞նչ անենք: Պարտադի՞ր ա, որ դա համապատասխանի:

-Այո, չէ որ դուք նրանց այնտեղ ցիտում եք:

-Հեղինակային կոլեկտիվը իր կարծիքն ունի: Եկեք վերջացնենք` անպտուղ խոսակցություն ա: 

Նախորդ հոդվածը‘«Միսս մոլորակ» մրցույթում հաղթելն արժե 4 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘ Եգիպտոսում բողոքի զանգվածային ակցիաներում տուժածների թիվն անցել է 500-ը’