‘Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին առաջին կիսաեզրափակիչ փուլի առաջին մասում’

909

Հայաստանից «Եվրատեսիլ 2014» մրցույթի մասնակից Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին Կոպենհագենում` առաջին կիսաեզրափակիչ փուլի առաջին մասում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի առաջին ալիքի մամուլի ծառայությունը, «Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող Կոպենհագենում այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: 2014 թվականին մրցույթին կմասնակցի 36 երկիր: Մայիսի 6-ին առաջին կիսաեզրափակիչ համերգի ընթացքում ելույթ կունենա 16 երկիր, իսկ մայիսի 8-ին երկրորդ կիսաեզրափակիչին` 15 երկիր:

Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակիչի առաջին հատվածում ելույթ կունենան Շվեդիայի, Ալբանիայի, Իսլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Ադրբեջանի և Էստոնիայի ներկայացուցիչները, իսկ երկրորդ մասին կմասնակցեն Բելգիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սան-Մարինոյի, Պորտուգալիայի, Ուկրաինայի և Նիդերլանդների ներկայացուցիչները:

Երկրորդ կիսաեզրափակիչի առաջին մասում ելույթ կունենան Նորվեգիայի, Իսրայելի, Վրաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Մալթայի, իսկ երկրորդ մասում` Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելառուսի, Հունաստանի և Շվեյցարիայի ներկայացուցիչները: 

Նախորդ հոդվածը‘Խելահեղ թռիչքներ Նոր Հաճնի կամրջից (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խումբն սկսել է աշխատանքը’