‘
Մոտ մեկ տարի առաջ Արարատ քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում, ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի, մի քանի տասնյակ ձայնի առավելությամբ քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Հայկյանը:
Այդ խայտառակ ընտրություններից, (որն իր խայտառակությամբ չէր զիջում այս իշխանությունների կողմից անցկացված բոլոր ընտրություններին) անցել է ընդամենը մեկ տարի, բայց քաղաքում գնալով աճում է դժգոհությունը գործող քաղաքապետից: Դժգոհություններն այն մակարդակի են հասել, երբ ամեն վայրկյան ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց և պահանջել Հայկյանի անհապաղ հրաժարականը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ՀՀԿ-ի հովանավորյալ թեկնածուն ընտրություններից առաջ երազում էր Հայաստանից ճողոպրելու մասին և նույնիսկ մասնակցել է ամերիկյան գրին քարտի խաղարկությանը և հաղթող ճանաչվել: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նա արդեն իսկ հավաքել էր իրերը և պատրաստվում էր արտագաղթել; Ի դեպ, հիմա էլ նա դեմ չէ արտագաղթին և միայն հարմար պահի է սպասում:
Իսկ այն ժամանակ` ընտրություններից առաջ Հայկյանը և նրա ՀՀԿ-ական հովանավորները ժողովրդին հեքիաթային խոստումներ էին տալիս: Մասնավորապես, ՀՀԿ-ի թեկնածուն 25 խոստում է տվել, պարտավորվելով դրանք կատարել, բայց առայժմ մասամբ իրականացրել է խոստումների միայն հինգը: Մյուս քսանի մասին խոսք անգամ չկա:
Մեկ տարվա ընթացքում բենդերիզմի գծի հետևորդ քաղաքապետը կարողացել է կազմակերպել քաղաքի փողոցներից մի քանիսի ասֆալտապատումը, մի քանի շենքերի լուսավորության հարց է լուծել և իրականացրել մուտքերի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Մասամբ նորոգվել է քաղաքի ոռոգման համակարգը և լուծել հին թաղամասի բնակիչների սեփականության իրավունքի գրանցման հարցը: Հայկայնը կարող է նաև հպարտանալ, որ ուսանողներին անվճար ավտոբուս է տրամադրել Երևան հասնելու համար:
Իսկ ո՞ւր մնացին մյուս խոստումները, որոնք կենսական են քաղաքի համար: Հենց այս խոստումների կատարման ոչ սկիզբն է երևում, ոչ էլ վերջը: Նա անգամ չկարողացավ լուծել կոմունալ ծառայությունների բարելավման հարցը:
Իհարկե, մեկ տարի առաջ եղան մարդիկ, ովքեր հավատացել էին ՀՀԿ-ին, թե կլուծվի քաղաքի կանաչապատման հարցը, բայց հիմա արդեն նույնիկ նրանք են հասկացել, որ պարզապես խաբվել են միամիտ երեխաների նման: Եղել են մարդիկ, որոնք հավատացել են, որ Հայկյանի ընտրության դեպքում ավարտին կհասցվի մի քանի շենքերի կառուցման հարցը: Սակայն անգամ քաղաքային զբոսայգին տեսքի չբերվեց:
Գործող քաղաքապետը և նրա հովանավորները արարատցիներին խոստանում էին փոքր հանգստյան գոտիներ ստեղծել: Մինչ այժմ չի ստեղծվել գոնե մեկը: Ավելին, անգամ չեն էլ պատրաստվում սկսել այդ աշխատանքները: Արարատի երեխաները զրկված են նաև խաղահրապարակներից: Այս հարցը ևս չի լուծվել և կարծես չի էլ լուծվելու:
ՀՀԿ-ականներն անգամ մոռացել են քաղաքում եկեղեցի կառուցելու մասին խոստումը: Հավանաբար նրանք այնքան զբաղված են, որ կարող էին և մոռանալ այս խոստման մասին ևս: Բնականաբար, բազմազբաղ քաղաքապետը և ՀՀԿ-ն մոռացել են նաև լողավազանը նորոգելու մասին խոստումը:
Իսկ ընտրություններից առաջ ինչպիսի՜ բոցաշունչ խոստումներ էին տալիս: Արարատցիները չեն մոռացել, որ ՀՀԿ-ն իրենց խոստանում էր խմելու ջրով ապահովել գոնե 12 ժամ: Արարատցիներն այս մասին հիշում են, բայց Հայկ Հայկյանը` ոչ:
Մանկապարտեզներն էլ չնորոգվեցին և երեխաներին չընդունեցին: Սա ևս բնորոշ է ՀՀԿ-ին: Իսկ թե ինչ էին հասկանում ՀՀԿ-ականները և նրանց թեկնածուն, երբ խոստանում էին ակտիվացնել մշակույթային կյանքը, այդպես էլ ոչ մի արարատցի չհասկացավ: Ասում են, որ Հայկյանը մշակույթային կյանք ասելով նկատի է ունեցել իր ընտանիքի անդամների հաճախակի այցերը Երևան:
Նա խոստանում էր քաղաքին վերադարձնել Ոսկե բանալի անվանումով հանգստյան տունը, բայց չի վերադարձրել: Հավանաբար կրկին մոռացել է այս խոստման մասին:
Հայկյանը խոստացել էր նաև օժնդակություն ցուցաբերել դպրոցներին, միայնակ կենսաթոշակառուներին, ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ երեխաներին, բայց միայն խոստացել էր: Նրա քաղաքապետ ընտրվելուց հետո ոչինչ չփոխվեց:
Եւ զարմանալի չէ, որ նման քաղաքապետից ժողովուրդը դժգոհում է: Հասկանալի է նաև, որ առաջիկայում էլ ոչինչ էլ չի փոխվելու: Եթե մեկ տարում ոչ մի քայլ չի արել խոստումներն իրականացնելու համար, ապա հիմա ևս չի փոխվի: Մնում է կռահել, թե ինչ էր ցանկանում ասել կամ անել Հայկյանը, երբ արարատցիներին խոստանում էր քաղաքին վերադարձնել նախկինում եղած հիմնարկ ձեռնարկությունները, բայց որ հիմա արարատցիները հասկացել են, թե ինչպես պետք է վարվեն Հայկյանի հետ՝ արդեն պարզ է: Այնպես որ, անակնկալ չի լինի, երբ ժողովրդի ճնշման արդյունքում պաշտոնանկությունների շարքը սկսվի հենց Արարատից:
Արթուր Բարսեղյան
‘