‘
«Ժողովուրդը» այսօրվա համարում անդրադառնում է պետական միջոցների ոչ նպատակիային ծախսմանը:
ՀՀ Արարատի մարզպետարանն այս տարվա նոյեմբերի 25-ին «Գ.Ս. սգո սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի հիման վրա ութ հատ ծաղկեպսակներ է ձեռք բերել, որոնց համար պետբյուջեի միջոցներից, այսինքն՝ հարկատուներիս գումարներից ծախսել է 120 հազար դրամ: Մեկ ծաղկեպսակի համար վճարվել է 15 հազար դրամ: Պայմանագրի համաձայն՝ ծաղկեպսակների գումարը նախատեսված է եղել վճարել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Տեղեկացնենք, որ փաստաթուղթը կնքել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մարգարյանը: Պայմանագրի բովանդակությունից պարզ չի դառնում, թե ծաղկեպսակները հատկապես ինչ նպատակով են ձեռք բերվել, և ինչու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և նրա ենթականերն իրենց միջոցների հաշվին չեն գնել դրանք: «Փաստն արդեն իսկ խոսուն է: Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ մարզպետները կարող են սկսել իրենց հարազատների ծննդյան նվերները պետբյուջեի միջոցների հաշվին գնել»,–եզրակացնում է թերթը։
Իր հերթին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը Ամանորի բացիկների համար ծախսել է 494 հազար դրամ: «Բագրիգ» ընկերությանը քաղաքացիական ծառայության խորհուրդը պատվիրել է Սուրբ ծննդյան տոնի 400 բացիկ՝ հատը 460 դրամով, հազար հատ ամփոփաթերթ՝ հատը 120 դրամով, քաղաքացիական ծառայության լոգոտիպով բացիկներ 100 հատ՝ հատը 500 դրամ և 50 հատ օրացույց՝ հատը 2 հազար 800 դրամ: Ի դեպ, Ամանորի տոներին մի քանի հարյուր հազար դրամ բացիկների վրա ծախսելու սովորություն միայն այս գերատեսչությունը չէ, որ ունի: Այդ գործելաոճը հատուկ է բոլոր գերատեսչություններին, այդ թվում նաև՝ նախարարություններին։
‘