‘Արարատյան դաշտավայրին սպառնում է անապատացում’

734

Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը կարող է ակտիվացնել անապատացման գործընթացները: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել «Հանուն կայուն զարգացում» Ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բնապահպանության նախարարությունը ձկնային տնտեսություններին թույլ էր տվել օգտվել ջրից`1.496 մլրդ.խոր.մետրի ծավալով՝ չնայած որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի վերականգնվող պահուստը կազմում է 1.226 մլրդ.խոր.մետր: Արդյունքում՝ դաշտավայրի 638 արտեզյան ջրհորներից չորացավ 122-ը, իսկ 6200 հա հողատարածք գործնականում մնաց առանց ջրի: Ստեղծված իրավիճակը համակարգելու նպատակով այս տարի որոշվեց ավելացնել Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը` 170 մլն.խմ-ից մինչև 240 մլն.խմ (5 տարով): Փորձագետը չափազանց վտանգավոր է համարում Արարատյան դաշտավայրում ստեղծված իրավիճակը: «Դա մեր շտեմարանն է, որի կորուստը լուրջ հարված կլինի երկրին»,-ընդգծել է Դանիելյանը:

Նա նաև նշել է, որ Սևանից ջրի բացթողումների ավելացման միջոցով իրավիճակն ուղղելը նույնպես հարցը չի լուծում, քանի որ մի քանի տարի առաջ Սևանի մակարդակի իջեցման հետևանքով սկսեցին չորանալ բազմաթիվ աղբյուրներ: Այսպիսով, ջրի բացթողումների ավելացումը նույնպես, իրականում, կարող է լուրջ հարված հասցնել ստորգետնյա ջրային աղբյուրներին:

«Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ Սևանից ջրի բացթողումների հետևանքով կարձանագրվի բացասական բալանս: Դրան կնպաստի նաև այն հանգամանքը, որ Արփա-Սևան թունելը վերակառուցումից հետո նորմալ չի գործում: Բացի այդ, վերջերս վաճառվեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը, և ես շատ եմ կասկածում, որ դրանից հետո Որոտանբի ջրերը կհոսեն դեպի Սևան»,-նկատել է Դանիելյանը:

Ըստ փորձագետի՝ Արարատյան դաշտավայրում ստեղծված իրավիճակը շտկելու գործող միջոց կարող էր հանդիսանալ ձկնային տնտեսությունների` շրջանառու ջրամատակարարմանն անցնելը, ինչպես նաև անօրինական արտեզյան ջրհորների փակումը: «Փակման գործընթացն արդեն առկա է, բայց մենք ստանում ենք բազմաթիվ բողոքներ, որ օլիգարխների պատկանող, ինչպես նաև անվերահսկելի ջրհորները դեռևս մնում են անձեռնմխելի»,-նշել է փորձագետը:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Արդարության ու արդարադատության այսպիսի ժառանգությամբ Հայաստանը ապագա չունի ‘
Հաջորդ հոդվածը‘Լիտվացի դիվանագետ. ՀՀ-ի հետ համագործակցությունում ԵՄ-ն շեշտը դնելու է ԱԳ քաղաքական բաղադրիչի վրա’