‘
Արարատյան դաշտավայրի անօրինական արտեզյան հորերի փակումը թույլ կտա տարեկան տնտեսել ավելի քան 360 մլն խոր. մետր ջուր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:
Նրա խոսքով, հուլիսի 16-ից մինչ օրս կատարած դիտարկումների ու ստուգումների արդյունքում փակվել կամ կոնսերվացվել և ծորակային ռեժիմի է տեղափոխվել 107 արտեզյան հոր, որոնցում ջրի ընդհանուր ծախսը վայրկյանում կազմում է 111.3 լիտր: Այդ հորերը պատկանում են ձկնատնտեսություններին, ինչպես նաև «Հայջրմուղ» և «Երևան ջուր» ընկերություններին: Իրականացված աշխատանքների արդյունքում տարեկան կարելի է տնտեսել ավելի քան 360 մլն խոր. մետր ջուր:
Ինչպես տեղեկացրել է Հակոբյանը, արտեզյան հորերի ջուրն անօրինական օգտագործելու համար կիրառվել են 6.4 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքներ:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը սակավ ջրային էր ճանաչել Ախուրյան, Հրազդան, Սևջուր և Քասախ գետերի ավազանները: Ինչպես նշել է փոխնախարարը, դա թույլ կտա սահմանափակել տնտեսվարող սուբյեկտների կողմից ջրի օգտագործման ծավալները: Ինչպես նախատեսվում է, ջրի օգտագործումը կարող է կրճատվել երկու երրորդով, ինչը դրականորեն կանդրադառնա ջրային ավազանի վերականգնման գործընթացի վրա:
Հակոբյանը նշել է նաև, որ 2015 թվականի սեպտեմբերին կմշակվի Արարատյան դաշտավայրի կառավարման պլանը:
Հիշեցնենք, որ տնտեսվարող սուբյեկտներին ջրի օգտագործման թույլտվությունը տրամադրելուց հետո Արարատյան դաշտավայրում ստորգետնյա հորիզոններն իջան մի քանի մետրով: Իրավիճակը կայունացնելու համար անցյալ տարվանից սկսվեց արտեզյան հորերի փակման գործընթացը: Բացի այդ, այս տարի որոշում ընդունվեց Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման առավելագույն ծավալներն ավելացնելու մասին:
‘