‘Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավարի կողմից բռնության ենթարկված սարկավագը դիմել է Օմբուդսմենին’

1080

Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ  Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել  միջադեպ: Ինչպես iLur.am-ին հայտնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից, «Արարատ» երիտասարդաց  միության անդամները  Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել  է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:

«Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել  է, որ  իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում  Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել և  պատռել նրա հագուստը:

Վահրամ  սարկավագ Կարապետյանի խոսքերով, իրենք դիմել են  միջադեպից հետո այնտեղ  գտնվող  ոստիկաններին, սական վերջիններիս  կողմից միջոցներ  չեն ձեռնարկվել: 

Այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը  դիմում է  ներկայացրել Պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ և առաջիկա օրերին կլինի Պաշտպանի արձագանքը», — ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Այսօր Շախմատի միջազգային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Գրողից դեպի ընթերցող. Ֆիլիպ Ռոթը լքում է գրական ասպարեզը’