‘Արարատ. Թե ինչ եղավ հետո, երբ պետական բյուջեն խառնեցին սեփական գրպանի հետ’

1021

Այս օրերին Արարատ քաղաքում քաղաքապետի ընտրության քարոզարշավն է։ Գործող իշխանության թեկնածուն, ինչպես ինքն իր մասին նշել է իր ծրագրային բուկլետի նախաբանում՝ «առանց հղփանելու եւ բարոյազրկվելու, որբերին, խեղճերին ու տկարներին չարհամարհելու վստահ համոզմունքով» ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը։ Թեկնածուն համեստորեն նշել է՝ «Իմ սոցիալական ծագումն ու դաստիարակությունը թույլ չեն տալիս ինձ հղփանալ եւ բարոյազրկվել», ու դիմել է արարատցիների ողջախոհությանը՝ «դիմում եմ ձեր ողջախոհությանը»՝ կոչ անելով ընտրել իրեն։

Այո, իհարկե, մենք որեւէ՝ անգամ աննշան պատճառ չէինք ունենա կասկածելու ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի բարոյականությանը, եթե նա իր նախընտրական բուկլետը (որտեղ նշում է, թե իր ընտրվելու  դեպքում Արարատ քաղաքում, ըստ էության, վերականգնելու է սովետական կարգերը՝ նախընտրական ծրագրի առաջին իսկ կետով խոստանալով «Արարատ քաղաքում նախկինում եղած հիմնարկ-ձեռնարկությունները վերադարձնել քաղաքին») ողջախոհ արարատցիներին չբաժաներ մի շատ անհասկանալի ներդիրով։ Սույն ներդիրի վերանագիրն է՝ «2003-ի մայիսից  մինչեւ 2013-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Գրիգորյանների կողմից Արարատ քաղաքում կատարված աշխատանքները»։  Սույն Գրիգորյանները Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է ու նրա եղբայրը՝ ԱԺ անկախ պատգամավոր, «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանը։ Եւ ահա, ՀՀԿ թեկնածուն, իր բարեմասնությունները թողած, արարատցիներին երկու էջանոց՝ A4 ֆորմատի թղթի ներդիրով պատմում է, թե ինչ աննախադեպ բարեգործություններ են արել Գրիգորյանները, ու թե ինչու նրանց արած բարեգործությունների համար ողջախոհ արարատցիները ուղղակի պարտավոր են գնալ ու ընտրել Հայկ Հայկյանին։ Սակայն, երբ մի կողմ թողնելով անգամ օրենքի կոպտագույն խախտումները, քանի որ նման ներդիրով նախընտրական ծրագիր բաժանելն ուղղակի անթույլատրելի է, կարդում ես սույն պատկառելի ներդիրը, տպավորությունը մեկն է՝ Գրիգորյանները երկրի պետական, համայնքային բյուջեն, երեւի միամտաբար, շփոթել են սեփական գրպանի հետ։ Մենք, իհարկե,  չենք ասում, որ դա նրանք միտումնավոր են արել։ Ի վերջո, այս իշխանության հարյուրավոր պաշտոնյաներ երկրի բյուջեն համարոււմ են սեփական գրպանի մի մասն ու այդ բյուջեի հետ ինչ ուզում՝ անում են, ուստի Գրիգորյանների մոլորությունը մե՛ր երկրում քրեորեն դատապարտելի չէ։   

Բայց՝ կարդանք ներդիրն ու մի քանի մեջբերում անենք. «Քաղաքի որոշ թաղամասերի գազաֆիկացում։ Բնակելի շենքի կառուցում, Հիվանդանոցի ամբողջական վերանորոգում, վերազինում նոր սարքավորումներով, շտապօգնության մեքանայի համալրում, հրշեջ ծառայության վերականգնում, Արարատ քաղաքի փողոցների ասֆալտապատում, եւ հետո՝ Արարատ քաղաքի ճանապարհների ասֆալտապատում», ու այսպես շարունակ։ Երբ սույն «բարեգործությունների ցանկին ծանոթացան քաղաքի ավագանիներից  մի քանիսը, տեւական ժամանակ նրանց ուղղակի հնարավոր չէր ուշքի բերել։ Այսինքն՝ այն, ինչ արվել է համայնքային բյուջեով, Գրիգորյանները վերագրել են իրենց ընտանիքին։ Ընդամենը սա։ Իհարկե, այս հերոսական քայլը եւս երեւի թե իր բարոյական բացատրությունն ունի՝ պետությունը նրանց համար  իրենց հարազատ ընտանիքն է, ուստի իրենք կարող էին եւ պետական բյուջեն որդիաբար շփոթել իրենց ընտանեկան բյուջեի հետ։

Սակայն Գրիգորյանները չեն մոռացել իրենց հուշաթերթիկում կետ առ կետ գրել նաեւ մարտի 8-ին արած ծախսերի, սոցիալապես անապահով ընտանիքներին տրված սննդի գումարի, «վերջին զանգին» դպրոցներին տրված գումարների մասին։ Ներդիրի 13-րդ դրույթում մի կարեւոր արձանագրում եւս կա՝ «Օժանդակություն քաղաքացիներին՝ տոնական օրերին»։

Ինչպես տեսնում եք՝ գործ ունենք աննախադեպ եւ աննկարագրելի բարեգործության հետ։ Ուստի, երեւի թե ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանն իրավունք ունի ողջախոհություն պահանջելու արարատցիներից։ Մեկ էլ տեսար՝ Գրիգորյան  եղբայրները զայրացան ու մարտի 8-ի եւ «վերջին զանգի» փող չտվեցին։ Ահա այսպիսի ընտրություններ։  Մնում է պարզել, թե Հայկ Հայկյանն ի՞նչ նկատի ունի՝ «հղփանալ և բարոյազրկվել» ասելով:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Վաշինգտոնը «նոր ջանքեր և վստահություն» է ակնկալում Ղարաբաղի շուրջ բանակցություններում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ու Ռուբեն Հայրապետյանը կանանց ֆուտբոլի մասին հակառակ կարծիքներ ունեն’