‘Արարատ Կոստանյան. Չինաստանի մասին’

7051

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միանգամայն հասկանալի է սպասվածից ավելի մեծ թվով հոդվածների առկայությունը ԱՄՆ-Չինաստան մրցակցության կամ ակնկալվող բախման մասին: Նման մոտեցումն ակնհայտ է ԱՄՆ-ի նոր հանրապետականների ներկայացուցիչների շրջանում, և Չինաստանը շարունակաբար պատասխանում է, որ ինքը զարգացող երկիր է, և իր կարգախոսն է. «Ապրել ներդաշնակորեն և բարգավաճել»: Մի խոսքով, չինացիները խնդրում էին իրենց հեռու պահել միջազգային վեճերից, քանի որ իրենց ուշադրության կենտրոնում Չինաստանում միջին խավին մեծամասնություն դարձնելն է:

Չինաստանը պատմության ընթացքում և այժմ

 

Դիտարկելով պատմությունը՝ կարող ենք եզրակացնել, որ Չինաստանը երբեք չի երազել մայրցամաքների և երկրների գաղութացման մասին, նույնիսկ կայսրերը Հարավարևելյան Ասիայի կղզիները գրավելու նկրտումներ չեն ունեցել։

Չինացիներն այլ կերպ են ընկալում հսկողությունը և գերիշխանությունը, և կարելի է հետևություն անել, որ Չինաստանը բավարարված է ՀԱԱՊԱ-ում ունեցած իր դիրքով՝ մեծագույն դերակատարություն ունենալով տնտեսական միտումների շրջանառության մեջ և հնարավորություն տալով չինական սփյուռքին՝ զբաղվել բիզնեսով և բարգավաճել, դրանով իսկ ազդեցություն հաստատելով տարածաշրջանում։ Ինքս ականատես եմ եղել չինական սփյուռքի կարգավիճակին Մալայզիայում, Սինգապուրում և Ինդոնեզիայում: Ըստ էության, Մալայզիայում ֆինանսական միջոցները բաժանվում են չինացիների, մալայացիների և հնդիկների միջև։ Չինացիները հիմնականում ներկայացված են բիզնեսի ու առևտրի ոլորտում և ամենաապահովվածն են, մալայացիները գործում են կառավարության ոլորտում ու բանակում, հնդիկները՝ բժշկության և բուժակության։ Նույնը կարելի է ասել նաև Ինդոնեզիայի մասին, որտեղ չինացիները թեև փոքրամասնություն են Մալայզիայի և Սինգապուրի համեմատ, բայց դարձյալ զբաղեցնում են համապատասխան դիրքեր բիզնեսի ոլորտում: Մենք այստեղ չենք անդրադառնա Սինգապուրին, քանի որ այն հիմնականում բնակեցված է չինացիներով։ Մալայզիայում գտնվող միակ արտոնագրված խաղատունը և ժամանցի վայրը, որը կոչվում է «Գենտինգ հայլենդ» («The Genting highland»), պատկանում է չինացի ընտանիքի, և այնտեղ աշխատողների մեծամասնությունը Մալայզիայի և Չինաստանի չինացիներ են։ Սա համարվում է 4-րդ խոշորագույն ընկերությունը երկրում։ Այսպիսով, գաղտնիք չէ, որ Չինաստանը մեծ ազդեցություն ունի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` կապված վերոնշյալ երկրի հետ ոչ միայն բիզնեսի, այլ նաև մշակույթի ոլորտում՝ խրախուսելով չինական սփյուռքին մոտ լինել իրենց արմատներին երաժշտության, իրավիճակային կոմեդիայի (սիթքոմ) և խոհանոցի միջոցով։ Սույն հոդվածի նպատակը Չինաստանին քննադատելը չէ և ոչ էլ այս երկրի նկատմամբ գերագույն հիացմունքի արտահայտումը՝ խորհրդավոր կամ առեղծվածային բացահայտումներով, ինչպես որ անում են շատ արևմտյան գրողներ Ասիայի մասին գրելիս։ Ավելին, մենք չենք կարող անտեսել այն մեծ նվաճումները, որոնց հասել են չինացիները իրենց երկրում, հազիվ թե որևէ այլ զարգացող երկիր երբևէ նման ձեռքբերումներ է ունեցել նախկինում՝ դառնալով աշխարհում թիվ մեկ պետությունը բազմաթիվ ոլորտներում՝ սկսած Մետաքսի ճանապարհից մինչև մեր օրերը։ Մինչդեռ արևմտյան գրողներից ոմանք շեշտը դնում են միայն ժողովրդավարության բացակայության վրա, ինչն, ըստ իս, մեծ սխալ է, քանի որ լիբերալ ըմբռնումը հեռու է Չինաստանի մշակույթից, և վստահ եմ, որ մոտ ապագայում մենք չենք տեսնի արևմտյան արժեքների յուրացում այս հասարակության կողմից:

Չինաստանն ասիական երկիր է, ունի իր սեփական մշակույթն ու ընկալումները, չի պարտադրում իր մտածելակերպը տարածաշրջանի երկրներին, և ԱՄՆ-ը, մասնավորապես, պետք է հարգի Չինաստանին ու նրա ժողովրդին։ Դրանից բացի, ընթերցողը կարող է առաջ քաշել այն փաստարկը, որ շրջակա երկրները կրել են բրիտանական գաղութացման ազդեցությունը, և դրանցում կյանքն այս կամ այն չափով ավելի արևմտականացված է, քան Չինաստանում: Սա ընդունելի է, սակայն՝ որոշ վերապահումներով։ Օրինակ՝ Մալայզիայում ավելի քան չորս տասնամյակ իշխում է մեկ կուսակցություն։ Չնայած այն հանգամանքին, որ Սինգապուրը մեծ հաջողությունների է հասել՝ ստեղծվել և ղեկավարվում է ավտորիտար նախագահի կողմից։ Ինդոնեզիան հայտնի է կոռուպցիայի և ավտորիտարիզմի առկայությամբ։

Չինաստանի մասին գրելու իմ նպատակը

 

Ընդգծեմ, որ իմ անդրադարձները Չինաստանին՝ չեն լինի ակադեմիական գրվածքներ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի քաղաքականությանը վերաբերող նախորդ աշխատանքները, այլ կլինեն ավելի պատմողական ժանրի՝ ներկայացնելով այն, ինչն, ըստ իս, կարող է հետաքրքրել հայ ընթերցողին։ Միաժամանակ, դրանք կներառեն իմ՝ որպես ականատեսի սեփական վերլուծությունը։ Վերադառնալով մեր խնդրին՝ նշեմ, որ չեմ կարող հիանալ տեխնոլոգիաներով և ժամանակակից ճարտարապետությամբ՝ կառուցված վերջին տասնամյակներում, քանի որ ըստ էության, էլեկտրոնիկան դառնում է անիմաստ, երբ ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք օգտագործել, արգելափակված են կառավարության կողմից։

Չինաստանի այժմյան քաղաքականությունը և սպասվող մարտահրավերները

 

Գաղտնիք չէ, որ որոշ չինացի ուսումնասիրողներ տարածում են ազգայնական ու նաև հանդուգն կարգախոսներ, ինչպես օրինակ. «Մենք բավականին հզոր ենք ԱՄՆ-ի դեմ դուրս գալու համար»։ Նրանք սա բացատրում են այն հանգամանքով, որ սառը պատերազմի ավարտից հետո աշխարհը չպետք է լինի միաբևեռ, և Չինաստանը կարող է լրացնել վակուումը՝ որպես արևմտյան կոալիցիայի դեմ առաջատար երկիր։ Ես համամիտ չեմ այս փաստարկին, քանի որ «Չինաստանը բավականին ուժեղ է և բավական թույլ» հակաամերիկյան կոալիցիան գլխավորելու համար՝ ո՛չ դրան պարտադրվող պատժամիջոցների պատճառով. Չինաստանը երկար ժամանակ կարող է գոյատևել ինքնաապահովմամբ, բայց չի կարող հանդուրժել երկրի պառակտումը, որը կարող է իրականացվել մյուս ճամբարի մրցակիցների կողմից։ Ներկայում կարծել, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի դաշինքը կարող է ծնկի բերել Չինաստանին, անմտություն է, քանի որ Ռուսաստանը և Չինաստանը որոշակիորեն աջակցում են միմյանց ԲՐԻԿՍ-ի միջոցով, որը դեռևս մեծ վտանգ չէ ԱՄՆ-ի համար։ Իսկ թե ինչն է վատ Չինաստանի համար, ապա դա թյուրքական ծագում ունեցող մուսուլման ույղուրներն են Սինձյան նահանգում: Մենք անընդհատ տեսնում ենք լուրերի թողարկումներում, որ նրանք դիմադրություն են ցույց տալիս իշխանությանը, սա օրհասական վտանգ է Չինաստանում, հատկապես իսլամական արմատականության և ջիհադականության տարածման այս փուլում։ Չինաստանը պարզապես ընկրկում է վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության նման ակտերից՝ մարզադաշտերի, ռեստորանների կամ մետրոյի ռմբակոծություններից։

Մյուս վիճելի հակամարտությունները կապված են Թայվանի և Տիբեթի հետ, բայց ինչպես նշվել է, ըստ իս՝ մեր օրերում վտանգի աղբյուրը իսլամական արմատականությունն է։ Ներկայացնենք մի կարճ միջադեպ, որը, թերևս, հայտնի է նրանց, ովքեր հետևում են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։ Երբ Չինաստանը 2008 թ. հյուրընկալեց միջազգային ամառային օլիմպիական խաղերը, Սինձյանը հանդես եկավ նախապատրաստված ցույցերով՝ արտահայտելով անկախանալու իր ցանկությունը։ Էրդողանը մյուս կողմից (Էրդողանը բաց չի թողնում որևէ հնարավորություն՝ հանդես գալու որպես ույղուրների և պաղեստինցիների մեծ եղբայր) թույլ տվեց մեծաքանակ ցույցեր չինական իշխանությունների դեմ, որոնց ժամանակ այրում էին չինական դրոշները՝ միաժամանակ Թուրքիայի դրոշի կողքին ծածանելով դրանից միայն կապույտ գույնով տարբերվող դրոշը։ Պեկինի միջազգային օդանավակայանի սպասասրահում Հարբին քաղաք մեկնելիս սպասում էինք մեր թռիչքին, այդ պահին մեկնում էր Ուրումչի (Սինձյան նահանգի մայրաքաղաք) ուղևորվող օդանավը։ Դա լավ հնարավորություն էր հանդիպել այդ մարդկանց՝ թեկուզ կարճ ժամանակով։ Այսպես, գնացի դեպի ելքը և նստեցի իրար հետ զրուցող երկու մարդու կողքին։ Ուզում էի տեսնել՝ նրանց լեզուն որևէ նմանություն ունի՞ թուրքերենին, և նրանց արտաքինն ավելի մոտ է չինացիների՞ն, թե՞ մոնղոլներին։ Ի զարմանս ինձ՝ հասկացա նրանց խոսակցության մոտ 40%-ը։ Իհարկե, չի կարելի պնդել, որ Սինձյան մեկնող ցանկացած թուրք կարող է հասկանալ նրանց բարբառը, բայց վստահ եմ, որ կհասկանա բազմաթիվ բառեր, ինչպես՝ ես։ Դիմեցի նրան «ալ սալամու ալեյքոմ»՝ ամբողջ աշխարհում ընդունված մուսուլմանական ողջույնով, նա ժպտաց և հարցրեց՝ արդյոք թուրքմե՞ն եմ (թյուրքական ծագման ցեղախումբ, որն ապրում է այժմյան Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում և Թուրքիայի աջակցությամբ պատերազմում է սիրիական բանակի դեմ)։ Պատասխանեցի՝ Թուրքիայից եմ՝ տեսնելու համար նրա արձագանքը։ Ի զարմանս ինձ՝ նա կանգնեց, գրկեց ինձ և համբուրեց գլուխս։ Այդ պահին համոզվեցի, որ ույղուրները պատրաստ են ծնկի բերել Չինաստանին, ինչպես որ դա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։ Նրանք հավակնոտ են և համարում են Թուրքիային իրենց մեծ եղբայրը, և մեծամասնությունը լավագույն տարբերակը համարում է Չինաստանից անկախացումը և Շարիաթի օրենքի հաստատումը։ Ոչ ոք չէր հավատում, որ Սիրիան կարող է ամբողջովին ոչնչացվել. մենք հասկանում էինք, որ իսլամականացումն աճում էր, սակայն դա հասարակական մտահոգություն էր։ Հիջաբ կրելը պարտադիր չէր, յուրաքանչյուրը վարվում էր ըստ իր հայեցողության։ Մի խոսքով, ույղուրները դանակներն իրենց գրպաններում պատրաստ կանգնած են, այս պահին նրանք այնքան հաջողակ չեն և Սիրիայի ջիհադիստների նման չունեն պրոֆեսիոնալ զենք, բայց նրանք էլ հանդարտ չեն։ Գրեթե ամեն օր չինական հեռուստատեսությունը ցուցադրում է Սինձյան նահանգում կատարվող միջադեպերի մասին՝ անջատողականների և նույնիսկ չինական բանակի միջև։ Ըստ իս, սցենարը հետևյալը կլինի. «Մի իսլամական պետություն ազատագրելու համար հոգեբանական աջակցությունը կապահովվի Էրդողանի, զենքը՝ Սաուդյան Արաբիայի, իսկ ոճրագործությունից առաջ նախապատրաստումը՝ ԿՀՎ-ի կողմից:

ԱՄՆի նկատմամբ Չինաստանի արտաքին քաղաքականությունը

Մյուս կարևոր խնդիրը ժողովրդավարությունն է, որով ԱՄՆ-ի պաշտոնյաները շարունակում են չինացիներին հանդիմանել 70-ականներից մինչ օրս։ Իսկ ահա չինացիները տասնամյակներ շարունակ առավելագույնն են արել՝ փորձելով բացատրել ԱՄՆ-ի պաշտոնյաներին, որ չինական մշակույթը և կյանքի նկատմամբ մոտեցումը համեմատելի չեն նորաստեղծ ամերիկյան պետության հետ: Չինացիներն ունեն ազատականացված տնտեսություն և ներմուծման-արտահանման առևտուրը համապատասխանեցրել են համաշխարհային չափանիշներին: Դրանից բացի, ըստ չինացիների՝ զարգացումն անհրաժեշտ է իրենց հասարակությանը՝ նոր գաղափարների հասնելու համար, որպեսզի բարելավեն իրենց կենսամակարդակը: Նրանք կտրականապես դեմ են վերևից պարտադրված կանոններին, որոնք կարող են հանգեցնել քաոսի: Ի դեպ, Չինաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, զգալիորեն տարբերվում է ոչ միայն Արևմուտքի, այլև Մերձավոր Արևելքի կամ Արևելյան Եվրոպայի երկրների բնակչությունից։ Նրանք մեծ հարգանք ու հավատ ունեն իշխանությունների նկատմամբ, և չնայած Արևմուտքի բարձրաձայնած կոռուպցիոն մեղադրանքներին, չինացիները դեռ մոտ են կանգնած միակ իշխող կուսակցությանը։ Սա նշանակում է, որ ժողովրդից բացի՝ ոչ ոք ի վիճակի չէ փոխել կենտրոնամետ քաղաքական ասպարեզը Չինաստանում, մինչդեռ Հայաստանում՝ վերջին շրջանում, Սահմանադրությունը փոխվեց բնակչության կամքին հակառակ, և դա առաջացրել է նվաստացման զգացում ու անվստահություն իշխանության նկատմամբ՝ վտանգավոր լարվածությամբ։

Թերությունները Չինաստանում

Մինչդեռ այս ամենը չի նշանակում, որ Չինաստանը պատասխանատու ուժ է՝ անկախ գլոբալ հարցերում իր ներգրավվածությունից, ինչպիսիք են «ահաբեկչության դեմ պատերազմը», հսկայական ներդրումները Աֆրիկայում՝ աղքատության դեմ պայքարելու և ՀԱԱՊԱ-ի հետ համագործակցության համար և այլն: Այդուհանդերձ, հեռու է այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են անհատական արժեքները, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը. ստեղծարարությունը և խնդիրների վերլուծությունը բացակայում են պետական, ինչպես նաև մասնավոր ընկերություններում: Եթե Չինաստանն այսօր ներկայանում է որպես լավագույն և միակ երկիր՝ ապրանքներ մատակարարելով աշխարհին, չինացիները ներկայացված չեն բազմաթիվ այլ ոլորտներում, ինչպես օրինակ՝ միջազգային շոու բիզնեսում, որը կապված է իմ ընտանեկան բիզնեսի հետ։ Գաղտնիք չէ, որ Չինաստանն ունի լուրջ խնդիրներ օտարերկրացիների հետ բիզնեսով զբաղվելու առումով։ Նկատի ունեմ՝ նրանց համար ոչ մի տարբերություն չկա օտարերկրացի և տեղացի  արտիստների միջև վերաբերմունքի առումով, ինչն առաջացնում է թյուրիմացություն և երբեմն նույնիսկ կարող է հանգեցնել կոնֆլիկտի։ Օրինակ, մի քանի տարի առաջ Չինաստանի Հյուսիսային Արևելյան շրջանում էի, որն իրենք անվանում են «Դոնգ բեյ» (Dong bei), մեծ պարախմբի հետ էի, որի կազմում հիմնականում սլավոնական երկրներից էին։ Ձմեռ էր, և կեցության համար տրամադրված շենքում, որտեղ պետք է մնայինք, չկար տաք ջուր։ Երբ բողոքեցինք, նրանք զարմացան՝ համարելով, որ ոչ մի սխալ բան չկա, քանի որ չինացի արտիստները մնացել էին նույն շենքում և երբեք չէին բողոքել այդ խնդրից։: Այսինքն, չինացի արտիստները սառը ցնցուղ էին ընդունել առանց բողոքելու պարզապես այն պատճառով, որ մարդու իրավունքների հարց գոյություն չունի Չինաստանում։ Նրանք մտավախություն են ունեցել, որ բողոքելու դեպքում կմնան ընդհանրապես առանց ջրի։ Իմ հայրը վճռական էր տրամադրված. «Կա՛մ լուծում եք այս խնդիրն այսօր, կա՛մ մենք հեռանում ենք»։ Սա մեկն է այն խնդիրներից, որոնց շատ արտասահմանցիներ հանդիպում են Չինաստանում, և յուրաքանչյուր ոք ունի իր սեփական պատմությունը։ Գրողները կարող են վեպեր գրել Չինաստանում օտարականի կյանքի մասին, սակայն առանցքային հարցը, որ բոլորս պետք է հասկանանք՝ այն է, որ չինացիները կարող են հարմարվել անհարմարավետ ու նվաստացուցիչ վիճակին այն պատճառով, որ առկա է դաժան մրցակցություն աշխատանքը պահելու հարցում։ Պարզ է, եթե նրանք չեն հարմարվում, կան հազարավոր մարդիկ, որոնք սպասում են այդ աշխատանքին։ Այսպիսով, սա է բացատրությունը, թե ինչու են չինացիներն այդքան աշխատասեր, և շատ հաճախ նույնիսկ աշխատում են ավելի քան 10 ժամ՝ առանց հավելավճարի: Զավեշտալի է, երբ ամերիկացիները բարձրացնում են մարդու իրավունքների հետ կապված հարցեր Չինաստանում, մինչդեռ «Էփըլ» ընկերությանը (“Apple Co. էլեկտրոնիկայի ոլորտի ԱՄՆ հսկան) մեղադրանք էր ներկայացվել՝ Չինաստանում գտնվող գործարանի չինացի աշխատողներին շահագործելու համար:

Արգելքները կառավարության համացանցային քաղաքականության մեջ

 

Մեկ այլ հետաքրքիր խնդիր, որին բախվեցինք այս տարի՝ անլար ինտերնետ ցանցի խնդիրն էր։ Մենք ապրում ենք մի հյուրանոցում, որտեղ ինտերնետ կապը շատ թույլ է. երբեմն չենք կարող բացել նույնիսկ սովորական էջ կամ հավելված։

Ինտերնետը մեր բիզնեսի ամենակարևոր միջոցներից է (պետք է ուղարկենք շատ լուսանկարներ, տեսանյութեր, պայմանագրեր, գրաֆիկա և այլն): Սա է իմ գործը որպես մենեջեր: Ինչ վերաբերում է արտիստներին, աշխատանքից հետո բոլորն ուզում են Skype-ով խոսել իրենց ընտանիքների հետ և այլն։ Ըստ իս, դա շատ կարևոր հարց է, քանի որ արտիստների ժամանակացույցը շատ հագեցած է, նրանք պետք է ներկայացնեն չորս շոու մեկ օրում, և դրանից հետո իրավունք ունեն զրուցելու իրենց մտերիմ մարդկանց հետ: Այսպես, անլար ինտերնետը բացակայում է արդեն 10-րդ օրը: Նրանք ամեն օր գալիս են վերանորոգելու, բայց ոչինչ չի փոխվում։ Ես հասկացա մի բան, որ Չինաստանից գնված հեռախոսները աշխատում էին, ի տարբերություն մեր հեռախոսների։ Կասկածեցի, որ դրանք արգելափակված են, և դա կարող է անել միայն կառավարությունը, մասնավորապես՝ իշխող կուսակցության հետախուզական ծառայությունը։ Չեմ կարող պնդել, որ խնդիրը կապված է կառավարության հետ, բայց կարող եմ կասկածել, որ եթե այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Youtube-ը՝ արգելված են, ապա ինչու չարգելափակել նաև օտարերկրյա սարքերի ինտերնետը։

Ինչևէ, երեք օր համառելուց հետո իմացանք, թե ինչու մեր սարքերը չեն միանում ինտերնետին: Պարզապես այն պատճառով, որ արդեն տեղադրել էինք VPN հավելված, որը կոտրում է արգելափակված սերվերը և ներխուժում համակարգ՝ հնարավորություն տալով մուտք գործել Չինաստանում արգելափակված կայքեր։ Հետախուզական ծառայություններն արգելափակում են ձեր հեռախոսը և վերբեռնում։ Դուք չեք կարող ոչինչ անել, ձեզ մնում է միայն ջնջել VPN հավելվածները։ Ես վստահ չէի դրանում, բայց զգում էի, որ չինական կառավարությունը պետք է ներգրավված լինի այս հարցում։ Իրականում տեսնում եմ, որ քիչ մարդիկ են մտահոգված այս իրավիճակով, երբ շատ արտասահմանյան էջեր արգելափակված են, ժողովուրդը չի կարող հետևել օտարերկրյա նորություններին՝ իմանալու համար, թե ինչ է մտածում մյուս կողմը որևէ հարցի շուրջ: Գրաքննությունը շատ պարզ է, ուղղակի աներևակայելի։ Այստեղ համակարգը պարզապես արգելափակում է որոնման ցանկացած համակարգ։

Մի քանի անգամ ծրագիրը տեղադրելուց հետո գտա մի վճարովի VPN ծրագիր, որը բացում է բոլոր արգելափակված կայքերը, սակայն պետք է ունենալ միջազգային բանկի քարտային հաշիվ։ Սա նշանակում է, որ չինացիները չեն կարող գնել նման ծրագիր իրենց տեղի բանկային քարտերով։ Պետք է շնորհակալություն հայտնեմ իշխանություններին, որ արտասահմանցիներին ընձեռում են աշխատելու հնարավորություն՝ ինչպես տանը։ Չինացիների համար, թերևս, դա երբեք չի լինի։

         

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Իշխանություն-ընդդիմություն պայքարի դաշտը սրանով ավելի բյուրեղացված կդառնա’
Հաջորդ հոդվածը‘Բոժկո. Հայաստանի ԱԳՆ-ն դժվար թե իր կամքով էր պահանջում ինձնից չանցկացնել Սովասպանդի հուշ-երեկոն’