‘Արա Աբրահամյանը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը. Նա չի հավատում’

2170

Մոսկվայի Բասմանյան դատարանը արցախցի ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես  խափանան միջոց երեկ ընտրել է 2 ամսով կալանավորումը:

Դատարանը կալանքի տակ է վերցրել նաև «Բաշնեֆթ»-ի` Լևոն Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերը: Նա մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում) և 174 (հանցագործ փողերի լեգալացում) հոդվածների հատկանիշներով կատարված հանցագործությունների մեջ:

Ըստ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, որի խոսքերը մեջբերում է ԱրմԻնֆոն, գործին վերջնական գնահատական տալու համար պետք է սպասել դրա ավարտին: Սակայն Աբրահամյանի կարծիքով՝ գործարարը մեղավոր չէ, և Հայրապետյանի անվան հետ կապված բոլոր պրոբլեմները կհարթվեն: «Ես չեմ հավատում տնտեսական հանցագործություններին Լևոն Հայրապետյանի մասնակից լինելուն»,-ասել է Աբրահամյանը:

Իսկ ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ Հայրապետյանի կալանավորումը ադրբեջանական լոբբիստների ձեռքի գործն է, Աբրահամյանն ընդգծել է, որ գործարարը մեղադրվում է տնտեսական հանցագործությունների մեջ, հետևաբար՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը դրա հետ կապ չունեն: «99.9% դեպքերում դատարանը բավարարում է կալանավորելու վերաբերյալ հետաքննության միջնորդությունը, ցավոք, Հայրապետյանի օրինակը բացառություն չէր, բայց մենք հավատում ենք, որ բոլոր պրոբլեմները շուտով կհարթվեն: Հայրապետյանն ուժեղ մարդ է և կհաղթահարի այն»,-նշել է նա: Աբրահամյանը նաև նշել է, որ Հայրապետյանը հարգված անձնավորություն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և Ռուսաստանում:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիների հաշիվները արգելափակելու հետ կապված՝ ԴԱՀԿ-ն բանկերին օրական 10 000 դիմում է ներկայացնում ‘
Հաջորդ հոդվածը‘Համացանցում հայտվել են կործանված «Բոինգում» նկարահանված վերջին կադրերը’