‘
Պոդոլսկի մոտ ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ»-ի վարորդ Հրաչ Հարությունյանի գործում առկա են հետաքննությունը դժվարացնող բազմաթիվ նյուանսներ: Այդ մասին հոկտեմբերի 10-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Փոխանցում է Արմինֆոն:
«Մասնավորապես, ինչպես ցույց է տվել ավտոմեքենայի տեխնիկական զննումը, արգելակները սարքին են եղել: Ավելին, մենք կցանկանայինք փոխել քննիչին, քանի որ նա, մեր կարծիքով, չափազանց կանխակալ է վերաբերվում գործին», — տեղեկացրել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿԱՄԱԶ»-ի՝ ավտոբուսին բախվելու հետևանքով 18 մարդ է մահացել: Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան: ՌԴ ՔՕ համապատասխան հոդվածը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում` մինչև երեք տարի մեքենա վարելու իրավունքից զրկելով:
‘