‘Արա Գեւորգյանի վրաստանյան համերգը հետաձգվում է ‘

785

Թբիլիսիի «Եվրոպա» հրապարակում երգահան Արա Գեւորգյանի նախատեսված համերգը չի կայացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գեւորգյանը նշեց, որ համերգային ծրագիրը հետաձգվել է:

«Համերգի հրավերը ստացել էինք Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից, որը տրամադրել էր «Եվրոպա» հրապարակը, սակայն այն հետաձգվեց` պայմանավորված այնտեղ ընթացող քաղաքական իրողություններով: Մենք նաեւ որոշեցինք հետաձգել` հետագայում ավելի լավ եւ «հզոր» ներկայանալու համար»,- պարզաբանեց երգահանը: Նախատեսված էր, որ համերգին մասնակցեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Էլեն Գրիգորյանի պարային խումբը, «Վահագն» դհոլահարների համույթը, երգիչներ Էրիկը, Աննա Մնացականյանը,  նաեւ վրացի երաժիշտներ:

 Համերգի ընթացքում մեծ էկրաններին պետք է ցուցադրվի հայկական այբուբենը:

«Կոչ եմ անում շահագրգիռ մարդկանց միանալ նախաձեռնությանը, որպեսզի կարողանանք առաջիկայում ավելի լավ ներկայացնել համերգային ծրագիրը` տեղի հայերի համար այն դարձնելով իսկական տոն: Սա եւս մեկ առիթ կլինի, որպեսզի օտարազգիները, տվյալ դեպքում` վրացիները «սիրահարվեն» հայկական երաժշտությանը»,- ասաց Գեւորգյանը: 

Թբիլիսյան համերգը նույնպես կնվիրվի խաղաղությանը: Գեւորգյանի «Սիրեցեք զմիմյանս» նախագիծը, որն իրականանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, աշխարհի տարբեր անկյուններում ապրող անվանի կատարողներին կմիավորի մեկ գաղափարի` խաղաղության շուրջ: Խաղաղության երգն արդեն ձայնագրվել է ֆին, շվեդ, գերմանացի, հնդիկ, արաբ եւ ամերիկացի կատարողների կողմից. շարքը համալրվում է նոր անուններով:

Նախորդ հոդվածը‘Փոփոխական եղանակը կշարունակվի ‘
Հաջորդ հոդվածը‘Բերման են ենթարկվել «Հակահարված» խմբի անդամները’