‘Արա Պապյան. Խնդիրն այն է, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում» ասելով՝ ով ինչ է հասկանում’

1301

Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար դրական կլինի, որովհետև դա համագործակցության հիմք կստեղծի: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը:

Նշենք, որ Սարգսյանը հարցազրույցում, մասնավորապես, նշում է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա»:

Ըստ Արա Պապյանի՝ խնդիրն այն է, թե ով ինչպես է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, որովհետև այսօր հայկական և ադրբեջանական կողմերի տեսակետները լրիվ իրարամերժ են: Հետևաբար, Պապյանի խոսքով, սկզբունքորեն ճիշտ է արտահայտվել, որ դա դրական կանդրադառնա, բայց գործնականում նա այսօր խնդրի լուծման հնարավորություն չի տեսնում:

«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը և ընդհանուր թուրքական կողմը հայերին, պարզ ասած՝ մարդու տեղ դնեն: Այսինքն, այդ մարդկային իրավունքները վերապահեն նաև հայերի համար: Ինքնորոշման իրավունքը, որը համամարդկային իրավունք է, որի հիման վրա տասնյակ և տասնյակ պետություններ են առաջացել Աֆրիկայում, նույն Սովետական Միության նախկին հանրապետությունները, հենց նույն Ադրբեջանը, որպես պետություն, առաջացել է կամ վերաանկախացել է ինքնորոշման սկզբունքի հիման վրա, դա նաև վերապահեն մյուսներին»,- ասաց Պապյանը:

Նրա կարծիքով՝ բանակցությունների հիմքում գտնվող «Մադրիդյան սկզբունքները» չեն նախատեսում համարժեք զիջումներ կողմերից:

«Ստացվում է, որ հայկական կողմն իրական զիջումներ պիտի անի հիմա՝ ակնկալիքով, որ տարիներ հետո դրանից ինչ-որ բան կստանա: Իսկ փորձը ցույց է տալիս, որ թուրքերը խոստում տալու և չկատարելու շատ մեծ վարպետներ են:»:

Նախորդ հոդվածը‘Ուեսլի Սնեյդեր. Կարիերայի «ավարտ»՝ 28 տարեկանու՞մ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ծախո՞ւմ է Ղարաբաղը ‘